13:10   28-06-2022
Ովքե՞ր են նշաձողն իջեցնելու առաջարկ արել. Փաշինյանի պարզաբանումը
Թողնել մեկնաբանություն

Մինսկի խմբի համանախագահող երկրները 2016 թվականի ընթացքում իրենց ներկայացրած երեք առաջարկներով Արցախի կարգավիճակի հարցում նշաձողն իջեցնելու կոչ են արել,- այս մասին խոսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ֆեյսբուքյան եթերում պատասխանելով լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների հարցերին: Լրագրողներից  մեկը հարցրել է, թե Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելն ի՞նչ է նշանակում և ո՞ր միջազգային գործընկերներն են այդ մասին խոսում և դրան կողմ:

«Նշաձողի իջեցման մասին միջազգային գործընկերները նոր չէ, որ խոսել են: Ես մի քանի անգամ և դրվագներով ներկայացրել եմ համանախագահող երկրների ներկայացրած առաջարկները: 2016 թվականին համանախագահների ներկայացրած առաջարկները՝ ԼՂ հիմնախնդրի կարգավորման մասին ոչ այլ ինչ են, քան նշաձող իջեցնելու կոչ: Դրանով հենց նշաձողի իջեցման տրամաբանությունն է դրված: Եվ, եթե պետք է հարցնեն, թե ովքե՞ր են, որ այդ կոչը արել են, շատ ուղիղ կարող եմ պատասխանել՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները՝ 2016 թվականի ընթացքում իրենց ներկայացրած երեք առաջարկներով»,- ասաց վարչապետը։

Անդրադառնալով հարցին, թե այդ նշաձողը հիմա որտե՞ղ է՝ վարչապետը հիշեցրեց ԱԺ-ում իր ելույթը, որի իմաստն էր ի ցույց դնել, որ 1998 թվականից հետո բանակցային բոլոր փաթեթներում, ըստ էության, հայկական կողմը ԼՂ-ն ընդունել է որպես Ադրբեջանի մաս կամ չի առաջնորդվել իր իսկ առաջադրած սկզբունքով, որ ԼՂ-ն չի լինելու Ադրբեջանի կազմում: Ըստ նրա՝ իր այդ ելույթից հետո չի հանդիպել որևէ բովանդակային հակադարձման, որ դրանում հիշատակված փաստերը որևէ կերպ չեն համապատասխանում իրականությանը:

«Սա է իրողությունը, այլ բան է, որ նախկինում և մեր իշխանությունը, և մեզ նախորդած իշխանությունը դրա մասին չենք խոսել: Չնայած մյուս կողմից էլ անուղղակի խոսք եղել է դրա մասին: Եվ ես այդ անուղղակի խոսքերի մասին էլ եմ խոսել: Կամ, երբ 1998 թվականին ԼՂ-ն բանակցային գործընթացից դուրս թողնվեց, դա ի՞նչ էր, եթե ոչ նշաձողի իջեցում: Երբ 1999 թվականին Հայաստանը ԵԱՀԿ ստամբուլյան գագաթնաժողովում ընդունեց Եվրոպայում անվտանգութան խարտիա, որը ոչ ուղիղ, բայց անդրադառնում էր անվտանգության ապահովման սկզբունքներին, դա ի՞նչ էր, եթե ոչ նշաձողի իջեցում»,-ասաց Փաշինյանը:

Նա նշեց նաև 1996-ի Լիսաբոնի գագաթնաժողովի մասին: «Հայաստանը, ճիշտ է, վետո դրեց, բայց ինչի՞ն վետո դրեց. վետո դրեց այն ձևակերպմանը, որ ԼՂ-ի հակամարտությունը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, որից հետո, քանի որ ՀՀ-ն վետո դրեց որոշման վրա, այդ բովանդակությամբ նախագահողի կողմից հնչեց հայտարարություն, որն արտահայտում էր միջազգային հանրության դիրքորոշումը: Բա դա ի՞նչ էր»,- ասել է վարչապետը:

Նա ընդգծեց, որ այսօր իր թվարկած այդ բոլոր փաստաթղթերը կարելի է գտնել համացանցում: Վարչապետը շեշտեց նաև ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի մասին:

«Ի՞նչ է եղել դրանց բովանդակությունը. այսօր հանրությունը տիրապետո՞ւմ է: Չգրված օրենք է եղել՝ ինչո՞ւ պետք է հիշեցնենք մեզ համար ոչ ձեռնտու, բայց միջազգային բարձրագույն անվտանգության ատյանի ընդունած բանաձևը»,- ասել է նա՝ հիշեցնելով, որ միջազգային հանրությունը դրա մասին չէր կարող մոռանալ:

Loading...