ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ԱԺ նիստերից ընդդիմադիր պատգամավորների բացակայությանը, արձագանքելով նրանց հայտարարությանը, թե մանդատն իրենց ժողովուրդն է տվել, ոչ ոք չի կարող դա խլել, նշեց.
«Մանդատը ժողովուրդը տվել է ՀՀ օրենսդրության և Սահմանադրության շրջանակներում, իսկ դրանք նախատեսում են ԱԺ պատգամավորին մանդատից զրկելու կարգ, որի հիմքում դրված են բացակայությունները, մեկ նստաշրջանի ընթացքում քվեարկությունների կեսից ավելիից բացակայությունը:
Ես ինքս էլ եմ եղել ընդդիմադիր, ցույց էլ ենք արել, նույնիսկ հեղափոխություն էլ ենք արել, բայց որպես ԱԺ պատգամավոր` մեկ նստաշրջանի քվեարկության կեսից ավելիից երբեք չեմ բացակայել: Փոքրիկ հուշում` խորհրդարանական, պատգամավորական գործունեությունը ոչ միայն չի խանգարում, ես խիստ կասկածում եմ` եթե պատգամավոր չլինեի, այն քաղաքական գործընթացները, որ եղան, ես և մեր քաղաքական թիմը կկարողանայի՞նք դա իրագործել»:
Փաշինյանը հայտնեց, որ ՔՊ-ում առաջիկայում պետք է քննարկում տեղի ունենա. եթե ԱԺ խորհուրդը որոշում կայացրեց, հետո պետք է դիմել ՍԴ, որոշում պետք է կայացնի ՍԴ-ն, իսկ քանի որ ՔՊ-ում այս հարցով դեռ վերջնական քննարկում չկա ու որոշում չի եղել, Կառավարության ղեկավարն իր անձնական դիրքորոշումը հրապարակելը ճիշտ չհամարեց: