12:57   29-06-2022
Image Description
Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ դաշինքին անդամակցելու գործընթացը ՆԱՏՕ-ի գոյության ընթացքում ամենաարագն է. Ստոլտենբերգ
Թողնել մեկնաբանություն

ՆԱՏՕ-ն համաձայնության է եկել Թուրքիայի հետ՝ դաշինքին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հարցով:

Համաձայնագրի ստորագրումից հետո ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ դաշինքին անդամակցելու գործընթացը ՆԱՏՕ-ի գոյության ընթացքում ամենաարագն է:

«Այն, ինչ տեղի է ունենում հիմա, հավանաբար պատմության ամենաարագ գործընթացն է… Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կարևոր է այդ երկրների համար։ Պարզապես նայեք քարտեզին և կհասկանաք, որ դրանք կփոխեն ողջ իրավիճակը Բալթյան տարածաշրջանում: Կընդգրկեն Բալթյան երկրները՝ Էստոնիան, Լիտվան և Լատվիան, ինչպես նաև թույլ կտան ամրապնդել մեր ներկայությունն աշխարհի այս հատվածում»,-ասել է Ստոլտենբերգը:

Միաժամանակ, Թուրքիայի նախագահի գրասենյակից հայտնել են, որ Անկարան կարողացել է հասնել Շվեդիայից և Ֆինլանդիայի կողմից ցանկալի քայլերի՝ ՆԱՏՕ-ին նրանց անդամակցության խոչընդոտները վերացնելու պայմանով:

Երկրները պայմանավորվել են լիարժեք համագործակցել Թուրքիայի հետ PKK-ի և նրա ճյուղերի դեմ պայքարում։ Պաշտպանական արդյունաբերության արտադրանքի մատակարարման էմբարգոն կվերացվի, այդ ուղղությամբ համագործակցությունը կընդլայնվի։ Ահաբեկչության դեմ պայքարում հետախուզական տեղեկատվության փոխանակման համար կստեղծվի համագործակցության կառուցվածքային մեխանիզմ:

Բացի այդ, Շվեդիան և Ֆինլանդիան պայմանավորվել են չաջակցել Ֆեթուլահ Գյուլենի ​​ահաբեկչական կազմակերպությանը (FETO), մի շարք փոփոխություններ կատարել ահաբեկչության դեմ պայքարի օրենսդրության մեջ:

Ինչպես երեկ հայտնել էինք, Թուրքիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի ղեկավարները համատեղ հուշագիր են ստորագրել Մադրիդում Հելսինկիի և Ստոկհոլմի՝ ՆԱՏՕ-ին միանալու հեռանկարների շուրջ բանակցությունների արդյունքում:

Ռուսաստանի պատասխանը

ՌԴ դաշնային խորհրդի սենատոր Անդրեյ Կլիմովը, մեկնաբանելով երկու երկրների դաշինք մտնելու որոշումը, ասել է, որ Ռուսաստանի Դաշնությունն այնքան հզոր տերություն է, որ գլոբալ ռազմավարական իմաստով այդ որոշումը նշանակություն չի ունենա։

Պետդումայի պատգամավոր Օլեգ Մորոզովը նույնպես մեկնաբանել է Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու գործընթացը։ Նա դեմ է արտահայտվել Բալթյան ծովում այդ երկրների «խեղկատակություններին»՝ նշելով, որ Ռուսաստանը նրանց դա թույլ չի տա։

Loading...