14:24   29-06-2022
Image Description
Քննարկվել են հայ-իրանական փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Թողնել մեկնաբանություն

ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը հունիսի 28-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի գիտության և տեխնոլոգիաների գծով տեղակալի աշխատակազմի միջազգային գիտատեխնիկական փոխգործակցության կենտրոնի ղեկավար Մեհդի Ղալե Նոյիի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպմանը մասնակցում էր նաև ԻԻՀ-ում ՀՀ առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը։ Հանդիպման նպատակն էր քննարկել տնտեսության ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարներն ու երկու երկրների մասնավոր հատվածների փոխգործակցության ակտիվացման հնարավորությունները։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Մեհդի Ղալե Նոյին նշել է, որ նորագույն տեխնոլոգիաներով հագեցած իրանական ընկերությունները հետաքրքրված են Հայաստանի գործարար շրջանակների հետ համագործակցությամբ, համատեղ արտադրության կազմակերպմամբ և արտահանմամբ։

Կարևորելով նորագույն տեխնոլոգիաների կիրառման ոլորտում երկկողմ հարաբերությունների զարգացումը՝ Նարեկ Տերյանն ընդգծել է այս ուղղությամբ երկուստեք ձեռնարկվող քայլերի ու գործողությունների ակտիվացման անհրաժեշտությունը։

Նորագույն տեխնոլոգիաների ոլորտում հայկական և իրանական ընկերությունների փոխգործակցությունն ապահովելու նպատակով զրուցակիցները քննարկել են տեխնոլոգիական կենտրոնների ստեղծման հնարավորությունը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել իրանական պատվիրակության այցի շրջանակում հստակեցնել համատեղ գործողությունները երկու երկրներում տեխնոլոգիական կենտրոնների ստեղծման ուղղությամբ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական տնտեսական կապերի զարգացմանն ուղղված մի շարք այլ հարցեր ևս։

Loading...