18:08   29-06-2022
Իրանը և ԱՄՆ-ն Կատարում սկսում են միջուկային գործարքի անուղղակի բանակցություններ. Al Arabiya
Թողնել մեկնաբանություն

Իրանն ու ԱՄՆ-ն, ամենայն հավանականության, պատրաստ են անուղղակի բանակցություններ սկսել Կատարում, որոնց նպատակն է փրկել համաշխարհային տերությունների հետ Թեհրանի կնքած միջուկային համաձայնագիրը, հայտնում է Al Arabiya-ն:

Պետական Tehran Times-ը տեղադրել է հյուրանոցի նախասրահում Իրանի միջուկային ծրագրի գլխավոր բանակցող Ալի Բաղերի Կանիի լուսանկարը Կատարում Իրանի դեսպան Համիդրեզա Դեհղանիի հետ: Թերթը նշում է, որ Բաղերի Կանին բանակցությունների վերսկսման նպատակով է գտնվում Կատարի մայրաքաղաք Դոհայում։

Բանակցություններից առաջ Կատար է ժամանել նաև Իրանի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ռոբ Մալլին: Դոհայում ԱՄՆ դեսպանատունը հայտնել է, որ Մալլին հանդիպել է Կատարի արտաքին գործերի նախարար Մուհամեդ բեն Աբդուլրահման Ալ Թանիի հետ՝ քննարկելու «Իրանի հետ խնդիրները լուծելուն ուղղված համատեղ դիվանագիտական ջանքերը», սակայն հրաժարվել է այլ մանրամասներ ներկայացնել իր այցի մասին:

Չնայած բանակցություններ անցկացնելու պատրաստակամությանը՝ Իրանի միջուկային ծառայության ղեկավարը հաստատել է, որ Թեհրանը սկսել է առաջավոր ցենտրիֆուգների նոր կասկադ տեղադրել իր ստորգետնյա Ֆորդո օբյեկտում:

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունն ավելի վաղ հայտնել էր, որ Իրանը ծրագրում է հարստացնել ուրանը 166 առաջավոր IR-6 ցենտրիֆուգներից բաղկացած նոր շղթայի միջոցով: 

Loading...