19:34   29-06-2022
Ստորագրվել է ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև զարգացմանն ուղղված համագործակցության դրամաշնորհային համաձայնագիրը
Թողնել մեկնաբանություն

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության ղեկավար Ջոն Ալելոն ստորագրել են Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև զարգացմանն ուղղված համագործակցության 5-ամյա համաձայնագիրը, որի շրջանակներում Հայաստանին որպես աջակցություն տրամադրվելու է 120 մլն ԱՄՆ դոլար դրամաշնորհ:

Համաձայնագիրն ուղղված է ժողովրդավարական արժեքների ամրապնդմանն ու տնտեսության կայունության ապահովմանը:

Փաստաթղթի ստորագրման արարողությանը ներկա են եղել ինչպես ԱՄՆ ՄԶԳ, այնպես էլ ՀՀ պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ:

Համաձայնագիրը միտված է խթանելու թափանցիկությունն ու հաշվետվողականությունը պետական կառավարման համակարգում, հզորացնելու տեղական կառավարման կարողությունները, ինչպես նաև մասնակցային ու ներառական ընտրական և քաղաքական գործընթացներն ու օրենքի գերակայությունը: Փաստաթղթի ներքո իրականացվելիք ծրագրերը կխթանեն կառավարման գործընթացում քաղաքացիների ներառական մասնակցությունը և կմեծացնեն տեղեկատվության անկախ և բազմազան աղբյուրների հասանելիությունը: Տնտեսական կայունությունն ամրապնդելու նպատակով ծրագրերն ուղղված կլինեն մասնավոր հատվածի մրցունակության բարձրացմանը, աշխատուժի հզորացմանը և բնական ռեսուրսների կայուն կառավարմանը: 

Loading...