13:01   02-07-2022
Image Description
Քննարկվել են տիեզերական տեղեկատվության կառավարման խնդիրները
Թողնել մեկնաբանություն

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Նարեկ Մանուկյանը ընդունել է ՄԱԿ-ի Տիեզերքի գործերով Պեկինի գրասենյակի տիեզերքի և խոշոր աղետների միջազգային խարտիայի փորձագետների թիմին։

Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին և կարևոր է համարել նման հանդիպումների առավել հաճախակի կազմակերպումը։ Մանուկյանը նշել է, որ Հայաստանի համար կարևոր են նման հանդիպում-քննարկումները, քանի որ ՀՀ ՏԿԵ նախարարությունը աղետների ռիսկի կառավարման ոլորտում ներգրավված շահագրգիռ պետական գերատեսչություններից մեկն է։

ՄԱԿ-ի Տիեզերքի գործերով գրասենյակի ներկայացուցիչ Շիրիշկամուր Ռավանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և պատրաստակամություն հայտնել՝ օժանդակելու ՀՀ-ին աղետների ռիսկերի կառավարման ոլորտում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են տիեզերական տեղեկատվության կառավարման խնդիրները, հնչել են մի շարք առաջարկություններ՝ աղետների դեմ պայքարում տիեզերական տեղեկատվության կիրառման զարգացման նպատակով ռազմավարական փաստաթղթերի և ուղեցույցների մշակման վերաբերյալ։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ քննարկումը կշարունակվի աղետների կառավարման և արտակարգ իրավիճակների արձագանքման տիեզերական տեխնոլոգիաների ազգային աշխատաժողովի շրջանակներում։

Loading...