Թերևս գաղտնիք չէ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները համարվում է սփյուռքահայության առաջատար գաղթօջախներից մեկը:
Հայերը Լոս Անջելեսում բնակություն են հաստատել դեռևս 19-րդ դարի վերջից, սակայն հայկական համայնքը ձևավորվել է Առաջին աշխարհամարտից հետո, իսկ Երկրորդ համաշխարհայինից հետո այդ հոսքը կտրուկ ավելացել է:
Սկզբնական շրջանում հայերի մեծ մասն այստեղ զբաղվել է գյուղատնտեսությամբ և արդյունաբերությամբ, իսկ այժմ պատկերն այլ է. տեղի հայերի մեջ կարող ենք հանդիպել թե՛ խոշոր գործարարների և թե՛ մտավորականների:
Ամերիկայի Միացյալ Նահագների Լոս Անջելեսի շրջաններից մեկը՝ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքը, համարվում է ամենահայաշատը: Հայկական ծագում ունեցող բնակիչների մեծ մասն այնտեղ բնակություն է հաստատել 1990-2000-ականներին։ Այսօր հայերն արդեն Գլենդել քաղաքի բնակչության զգալի մասն են կազմում, որոնք իրենց կարևոր դերակատարումն ունեն քաղաքի զարգացման գործում:
Հայերը լավ ինտեգրված են տեղի հասարակությանը, տիրապետում են բազմաթիվ ձեռնարկությունների և չեն կորցնում իրենց լեզուն։ Ամերիկահայերի խոսակցական ու գործնական լեզուն հիմնականում անգլերենն է, կենցաղայինը՝ արևմտահայերենը, մասամբ էլ՝ արևելահայերենը։
Հայերը մեծ արտագաղթի հետևանքով բացել են հայկական մի շարք դպրոցներ, եկեղեցիներ և հայակենտրոն այլ վայրեր: Նրանք իրենց ուրույն դերն ունեն ԱՄՆ-ում կրթության, մշակույթի և քաղաքականության ձևավորման գործընթացում:
1982-1991 թվականներին Կալիֆոռնիայի նահանգապետ է ընտրվել հայազգի Ջորջ Դոքմեջյանը, իսկ ահա արդեն 2002-ին Գլենդելի առաջին հայ քաղաքպետը եղել է Լարի Զարյանը և մինչև օրս էլ հայրեն իրենց ուրույն տեղն են զբաղեցնում քաղաքային իշխանությունների շրջանում:
Ի դեպ, 2001-ին Լոս Անջելեսի քաղաքապետարանի որոշմամբ Հոլիվուդի մի թաղամաս կոչվել է «Փոքրիկ Հայաստան», իսկ արդեն 2018 թվականին Գլենդելի քաղաքային խորհուրդն անցկացված քվեարկությամբ որոշել է հայաշատ այդ քաղաքի փողոցներից մեկն անվանակոչել Արցախի փողոց:
ԱՄՆ-ում հայկական համայնքն իր կազմակերպվածությամբ և համայնքային ակտիվությամբ լավագույններից է սփյուռքում: Հայ համայնքը ներկայացված է նաև Գլենդելի քաղաքային խորհրդում։
Շատ ու շատ հայերի համար Գլենդելն առանձնահատուկ վայր է, որտեղ արևային քաղաքով զբոսնելիս պատահմամբ հնարավոր է հանդիպել բարեկամների, հին ծանոթների և դասարանցիների: Գլենդելում տարեցներն ունեն իրենց սիրելի այգիներն ու պուրակները՝ Մեյփլը, Ֆրիմոնթը և Ուիլսոնը․ նրանք մշտական հանդիպման այս վայրերում նորություններ են փոխանակում, նարդի և շախմատ խաղում, երեխաների հետ զբոսնում:
Հայերին կարելի է հանդիպել նաև«Ամերիկանա»-ում, որը տեղակայված է «Գլենդել գալերիա» առևտրի կենտրոնի հարակից փողոցում: Այն ունի շքեղ բնակելի տների թաղամաս՝ երգող շատրվաններով, կանաչ մարգագետիններով ու սրճարաններով, կինոթատրոնով, ահռելի եռահարկ գրախանութով, բրենդային խանութներով և բազմաթիվ ռեստորաններով: Այնտեղ է գտնվում նաև ֆրանսիացի քանդակագործ Դոնալդ դե Լյուի «Ամերիկայի երիտասարդության ոգի» արձանի ոսկեզօծ կրկնօրինակը:
Տարիների ընթացքում «Ամերիկանա»-ն դարձել է քաղաքի սիրված վայրերից, որտեղ մարդիկ զբոսնում են շատրվանների մոտ և հաճելի ժամանակ անցկանում, իսկ ահա Սուրբ Ծննդյան օրերին Ամերիկանայում մեծ եղևնի է տեղադրվում, իսկ երեկոյան էլ՝ արհեստական ձյուն տեղում, որը հաղորդում է Ամանորի ջերմ և տոնական մթնոլորտ:
Նյութը պատրաստեց՝ Շուշան Մակարյանը