16:09   10-08-2022
Image Description
Ադրբեջանցի նախարարը հավաստիացնում է, որ Բաքուն ուզում է նորմալ հարաբերություններ հաստատել հարեւանների հետ
Թողնել մեկնաբանություն

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հավաստիացրել է, որ իր երկիրը ցանկանում է «նորմալ հարաբերություններ ձեւավորել հարեւան երկրների հետ»։ Այս մասին նա ասել է Ալժիրի նախագահի հատուկ ներկայացուցչի եւ արտաքին գործերի նախարարի՝ Ռամթան Լամամրի հետ մամուլի ասուլիսում։

Ինչպես տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները, գերատեսչության ղեկավարը նշել է, որ «ալժիրցի գործընկերոջը հանդիպման ժամանակ տեղեկացրել է  Հայաստանին Ադրբեջանի առաջարկած խաղաղության պայմանագրի եւ հաղորդակցությունների բացման մասին»։

«Ադրբեջանը կողմ է հարեւան երկրների հետ նորմալ հարաբերությունների ձեւավորմանը։ Մենք կարող ենք շարժվել հարաբերությունների նորմալացման ուղղությամբ՝ պետական սահմանների փփոխադարձ հարգման հիման վրա»,- ասել է Բայրամովը։

Նշենք, որ ադրբեջանական կողմի պատկերացմամբ՝ նորմալ հարաբերությունները ձեւավորվում են հարեւան երկրների դեմ ագրեսիայի եւ պատերազմի, էթնիկ զտումների, այլ ժողովուրդների մշակութային ժառանգության յուրացման կամ ոչնչացման հետեւանքով։

Loading...