17:41   10-08-2022
Image Description
Կառավարությունը նախատեսել է լայնածավալ ծրագրեր իրականացնել Վարդենիսում. Գեղարքունիքի մարզպետ
Թողնել մեկնաբանություն

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Վարդենիսի համայնքապետարանում խորհրդակցություն է անցկացրել Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի, համայնքապետարանի աշխատակազմի և բնակավայրերի վարչական ղեկավարների հետ։ Այդ մասին ասված է մարզպետի Ֆեյսբուքի էջում:
 
«Խորհրդակցությանը մասնակցում էին նաև Գեղարքունիքի մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները։ Քննարկվող հարցերի շրջանակը բավականին ընդգրկուն էր, կարևոր ու առաջնահերթ լուծում պահանջող։

Նախ խոսեցինք Վարդենիս համայնքի բյուջեի սեփական եկամուտների հավաքագրման անբավարար ցուցանիշների մասին՝ շեշտելով, որ 2022 թվականի յոթ ամիսների կտրվածքով 61,7 տոկոսանոց արդյունքն անբավարար է ու մտահոգող։ Նման ցուցանիշներով Վարդենիս համայնքը չի կարող զարգանալ ու առաջընթաց գրանցել, լուծում տալ բնակչության առջև ծառացած բազմապիսի հիմնախնդիրներին։ Սեփական եկամուտների հավաքագրումից են կախված բոլոր պետական ծրագրերի իրականացման հնարավորությունները։ Խնդիր է դրված՝ ամենասեղմ ժամկետներում իրավիճակը շտկելու, սեփական եկամուտներն ամբողջապես հավաքագրելու համար։ Այստեղ առավել անելիքներ ունեն բնակավայրերի վարչական ղեկավարները, ովքեր պետք է հանդես գան պատասխանատվությամբ ու հետևողականությամբ։

Այնուհետ անդրադարձանք գյուղնշանակության հողերի նպատակային օգտագործման, ոռոգվող հողատեսքերի իրական թվերի ճշգրտման, ընդերքի ապօրինի օգտագործման, սուբվենցիոն ծրագրերի կազմման և ներկայացման, փոքր չափերի ֆուտբոլի խաղադաշտերի կառուցման ընթացքում թույլ տրված թերությունների շտկման, ապօրինի հողօգտագործման, պետական ծրագրով գյուղատնեսական կոոպերատիվներին հատկացված գյուղատնտեսական տեխնիկաները բնակչության շահերին չծառայեցնելու հետ կապված խնդիրներին։
 
Առաջարկել եմ՝ սեղմ ժամկետներում և հետևողականորն բոլոր ոլորտներում Գեղարքունիքի մարզպետարանի հետ համագործակցությամբ կարգավորել բոլոր հիմնախնդիրները՝ բացառելով որևէ օրինախախտում։
Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանն էլ իր հերթին հավաստիացրեց, որ սեղմ ժամկետներում աշխատակազմի և բնակավայրերի վարչական ղեկավարների ջանքերով կշտկվեն առկա բոլոր խնդիրներն ու բացթողումները, որոնց մասին պարբերաբար կզեկուցվեն մարզպետարան»,- նշված է գրառման մեջ:


 

Loading...