15:42   14-08-2022
Image Description
Սի Ցզինպինը կայցելի Սաուդյան Արաբիա. ԶԼՄ
Թողնել մեկնաբանություն

Սպասվում է, որ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հաջորդ շաբաթ կայցելի Սաուդյան Արաբիա, որտեղ նրա համար գալա ընդունելություն է նախատեսվում, ինչը կտրուկ տարբերվում է հունիսին ԱՄՆ առաջնորդ Ջո Բայդենի ընդունելությունից, գրում է The Gaurdian-ը։

Ըստ լրատվականի`Սաուդյան թագավորությունում ԱՄՆ նախագահի ցածր ընդունելությունը արտացոլում էր երկու երկրների միջեւ լարված հարաբերությունները եւ անձնական թշնամանքը Բայդենի ու Սաուդյան Արաբիայի դե ֆակտո առաջնորդ Մուհամմադ բն Սալմանի միջեւ:

Մինչդեռ Սի Ցզինպինը ջերմ ընդունելության կարժանանա՝ Պեկինի եւ Ռիադի միջեւ կապերն ամրապնդելու եւ Չինաստանի՝ որպես Սաուդյան Արաբիայի դաշնակցի իմիջի ամրապնդման համար, քանի որ Վաշինգտոնի հետ հարաբերությունները շարունակում են փոփոխվել:

Սիին առաջին անգամ Ռիադ հրավիրել էին մարտին։ Նրա այցը, ամենայն հավանականությամբ, կլինի թագավորության համար ամենակարեւորը 2017 թվականի մայիսին ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ժամանումից հետո, որտեղ նրան դիմավորել էին արծաթե սրերով, շռայլ նվերներով եւ Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի հրավերներով:

The Wall Street Journal-ն ավելի վաղ հայտնել էր, որ չինացի պաշտոնյաները ծրագրում են Սի Ցզինպինի հնարավոր ուղեւորությունը Հարավարեւելյան Ասիա նոյեմբերին, ինչը,  Covid-19 համաճարակից հետո ,կարող է առաջնորդի առաջին արտասահմանյան ուղեւորությունը լինել եւ ներառել հանդիպում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ:

Բայդենի թիմը վաղուց է ձգտել դրան, սակայն դեռեւս չի հաստատել երկու առաջնորդների դեմ առ դեմ հանդիպումը՝ լարվածությունը թուլացնելու նպատակով, քանի որ երկու երկրները տարաձայնություններ ունեն Թայվանի, առեւտրի եւ մի շարք այլ հարցերի շուրջ: Թերթը, իր աղբյուրին հղում անելով, նշում է, որ Սպիտակ տունը շարունակում է աշխատել այդ ուղղությամբ, եւ Բայդենը դեռեւս բաց է անձնական այցերի համար, այդ թվում՝ նոյեմբերին Ինդոնեզիայում Մեծ Քսանյակի հանդիպման շրջանակում:

Loading...