15:44   14-08-2022
Image Description
Ալիեւը չի էլ թաքցնում, որ ցեղասպան քաղաքականություն է վարել, սակայն միջազգային հանրությունը լուռ է. Դավիթ Բաբայան
Թողնել մեկնաբանություն

Իհարկե, Ադրբեջանի կազմում մենք չենք ունենալու ոչ մի բան, Արցախն առհասարակ վերանալու է, եթե հանկարծ հայտնվեց Ադրբեջանի կազմում, սա շատ պարզ ճշմարտություն է, որն ապացուցվել է պատմության մեջ: Այս մասին Արցախի Հանրային ՀԸ-ն հետ զրույցում ասել է Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը: 

«Հետեւաբար բոլորս պետք է շատ լավ հասկանանք եւ հանկարծ չխաբնվենք  եւ չմտածենք, որ հակամարտության  կարգավորումը հնարավոր է նման տարբերակով»,-ասում է նա: 

Բաբայանի խոսքով` անկողմնակալ վերաբերմունքի դեպքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նման հայտարարության համար միջազգային կառույցների կողմից պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեր:

«Իհարկե, Ալիեւը չի էլ թաքցնում` ինքը սկսել է պատերազմը, ինքն ագրեսոր է, ինքը կոպտորեն խախտել է միջազգային իրավունքը, հանդիսանում է նաեւ ցեղասպան քաղաքականության իրականացնող, հետո ինչ: Մենք տեսնում ենք, որ միջազգային հանրությունը պապանձված է, լուռ է, մենք տեսնում ենք` այն կազմակերպությունները, որոնք պետք է ահազանգեն, նույնպես պապանձված եւ լուռ են: Այն, որ Արցախի հարցը Ադրբեջանի ներքին խնդիրը չէ, դա շատ ակնհայտ է ու պարզ է եւ դրա մասին փաստում են բոլոր միջազգային փաստաթղթերը, այդ թվում նաեւ այդ չարաբաստիկ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը: Բնական է, որ այսպիսի հայտարարություններով Ալիեւը փորձում է տապալել միջազգային կարգավորման գործընթացը, բայց չեմ կարծում, որ դա իրեն կհաջողվի»,-ասել է Բաբայանը:

Նշենք, որ Ալիեւի այս հայտարարութուններին արձագանքել է միայն Ստեփանակերտը, պաշտոնական Երեւանը դեռ լուռ է:

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ Ղարաբաղում ապրող հայերը չեն ունենա ո՛չ կարգավիճակ, ո՛չ անկախություն, ո՛չ հատուկ արտոնություններ, կլինեն Ադրբեջանի սովորական քաղաքացիներ:

Loading...