10:36   16-08-2022
Image Description
Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել թայվանցի 7 քաղաքական գործիչների նկատմամբ
Թողնել մեկնաբանություն

Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել թայվանցի 7 քաղաքական գործիչների նկատմամբ՝ անջատողականության և կղզու անկախությանն աջակցելու համար: Այդ գործիչների և նրանց ընտանիքի անդամների մուտքը մայրցամաքային Չինաստան և Հոնկոնգի ու Մակաոյի վարչական շրջաններ արգելվում է: Այս մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը:

Չինաստանի Կոմկուսի Կենտրոնական կոմիտեի՝ Թայվանի գործերի գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչը, ով իրավասու է հայտարարել պատժամիջոցների կիրառման մասին, կղզու անջատման և անկախության ձգտումն անվանել է «հայրենիքի վերամիավորման ամենամեծ խոչընդոտը և ազգային վերածննդի համար լուրջ թաքնված վտանգ»:

Նախօրեին Թայվան էր ժամանել ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությունը՝ սենատոր Էդ Մարկիի գլխավորությամբ։ Հաղորդվել է, որ պատվիրակությունը կհանդիպի Թայվանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու ԱՄՆ-Թայբեյ հարաբերությունները, տարածաշրջանային անվտանգությունը, առևտուրն ու ներդրումները, մատակարարման համաշխարհային շղթաները, կլիմայի փոփոխությունը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Դրանից հետո Չինաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Ու Ցիանն ասել է, որ չինական բանակը կրկին զորավարժություններ և պարեկություն է անցկացնում Թայվանի շրջակայքում՝ ի պատասխան Թայբեյի և Վաշինգտոնի դավադրության:

Loading...