11:58   17-08-2022
Image Description
Բրիտանիայում կապիկի ծաղիկի վարակման դեպքերը գերազանցել են 3000-ը
Թողնել մեկնաբանություն

Մեծ Բրիտանիայում կապիկի ծաղիկով հիվանդների թիվը գերազանցել է 3000-ը։ РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Բրիտանիայի Առողջապահության գործակալությունը։

Օգոստոսի 15-ի դրությամբ հաստատվել է 3081 դեպք, ևս 114 դեպք համարվում է մեծ հավանականությամբ դրական։ Ընդհանուր դեպքերից 3050-ը հայտնաբերվել է Անգլիայում, 75-ը՝ Շոտլանդիայում, 43-ը՝ Ուելսում և 27-ը՝ Հյուսիսային Իռլանդիայում։

Զեկույցում նշվում է, որ վարակվածների միջին տարիքը 36 տարեկան է։ Միևնույն ժամանակ, հիվանդների սեռի վերաբերյալ առկա տեղեկատվության համաձայն, վարակվածների մեծ մասը տղամարդիկ են, իսկ կանանց բաժին է ընկնում ընդամենը 39 դեպք։

Կապիկի ծաղիկը հազվագյուտ վիրուսային վարակ է, որը փոխանցվում է նաև մարդկանց միջև: Սովորաբար դա մեղմ ընթացքով հիվանդություն է, և մարդկանց մեծամասնությունը վերականգնվում է մի քանի շաբաթվա ընթացքում, այնուամենայնիվ, ոմանց մոտ կարող են բարդություններ առաջանալ:

Բրիտանիայի Առողջապահության գործակալությունը նշել է, որ կապիկի ծաղիկը չի համարվում սեռական ճանապարհով փոխանցվող վարակ, այլ կարող է փոխանցվել վարակված մարդու հետ սերտ շփման միջոցով։

Աշխարհի 87 երկրներում հաստատվել է կապիկի ծաղկով վարակման գրեթե 37 հազար դեպք։ Դրանցից ավելի քան 11 հազարը բաժին է ընկնում ԱՄՆ-ին, որին հաջորդում է Իսպանիան՝ 5700 դեպքով։ Կապիկի ծաղիկ հիվանդությունից աշխարհում 11 մարդ է մահացել։

Կապիկի ծաղիկի նախնական ախտանշաններն են ջերմությունը, գլխացավը, մկանային ցավը, մեջքի ցավը, ավշային հանգույցների այտուցը, դողը և հյուծվածությունը: Կարող է առաջանալ ցան, որը հաճախ սկսվում է դեմքի վրա, այնուհետև տարածվում մարմնի այլ մասերում։ Ցանը փոխվում է և անցնում տարբեր փուլերով, մինչև վերջում կեղև է ձևավորվում, որը հետո ընկնում է։

Loading...