13:19   18-08-2022
Image Description
Փողոցային առևտուրը կարգավորելու նպատակով Կառավարությունը հավանություն տվեց մի շարք օրենքներում լրացումներ կատարելու նախագծին
Թողնել մեկնաբանություն

Փողոցային առևտուրը կարգավորելու նպատակով Կառավարությունը հավանություն տվեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին:

«Երևան համայնքը և մեր այլ համայնքներ բախվում են այն խնդրին, որ փողոցային առևտուրն անընդհատ կա, և ինչքան էլ տույժեր են կիրառվում, վարչական ակտեր, խնդիրը չկարգավորված է մնում»,- ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը: Նա տեղեկացրեց, որ Երևանի քաղաքապետարանի գործընկերներն են հիմնականում նախագծի վրա աշխատել և առաջարկում են՝ ոչ միայն նրանք կարողանան վարչական տուգանք կիրառել, այլ նաև այն ապրանքները, որոնք այդ պահին կհայտնաբերվեն, աշխատակիցներն իրավունք ունենան դրանք առգրավել, որից հետո նաև իրավական գործընթաց սկսել, այդպիսով փորձել կանխել փողոցային առևտրի այն հատվածը, որը չի կարելի, կամ տեղերը, որոնք դրա համար նախատեսված չեն: 

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նշեց, որ վերջին երկու տարիների ընթացքում վերլուծություն են արել, ըստ որի եզրակացության են եկել, որ ունեցած գործիքակազմը բավարար չէ պատասխանատվության ենթարկելու առկա իրավախախտումների համար քաղաքացիներին: Շատ դեպքերում տուգանքներ չենք կարողանում գանձել քաղաքացիներից: «90 տոկոս դեպքերում իրենք իրենց անունով գույք չեն ունենում, և այդպես գնում են, սնանկ են դառնում: Այս խնդրի լուծումը որպես այդպիսին մենք տեսնում ենք, որ ոչ սահմանված վայրերում առևտուր իրականացնելիս կարողանանք այն միջոցները, որոնք օգտագործում են ծառայություններ մատուցելու, կամ առևտուր են իրականացնում, կարողանանք բռնագրավել, որով, կարծում ենք, որ այս խնդիրը վերջնականապես կկարողանանք լուծել: Պարբերաբար Երևան քաղաքում միջոցառումներ ենք իրականացնում, բայց ժամեր հետո այդ ամեն ինչը նորից կրկնվում է, և վստահ ենք, որ այս օրենքի ընդունմամբ կկարողանանք այդ հարցն ամբողջովին լուծել»,- նշեց Երևանի քաղաքապետը:

Նա ավելացրեց, որ խաղալիքներ, անգամ կենդանիներ են վաճառում և փոքր գազի բալոններով քաղցր բամբակ են վաճառում և չգիտեն՝ ինչ տեխնիկական անվտանգություն է ապահովվում:

Վարչապետը կարևոր համարեց ստանդարտներ սահմանելը: Նա նշեց, որ երբ աղետ է լինում, այն ժամանակ անդրադառնում են կոմպրոմիսներին: «Մենք պետք է արձանագրենք, որ եթե սկզբունքային այս գիծը շարունակենք, հազարավոր օբյեկտներ պետք է դադարեցնեն գործունեությունը, և այստեղ գալու է հարց, որ այդքան մարդ ընտանիք է պահում, հացի փող է աշխատում»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հետահայաց նայում են, և հարց է բարձրանում, թե ինչու են այդքան ժամանակ կոմպրոմիսների համաձայնել: «Իմանալով, որ մեր բանակում ինչ պրոցեսներ կան, ասել ենք՝ դե, բանակին բան չանենք, անվտանգության հարց է, և հետո այդ կոմպրոմիսը մեր գլխին պայթել է, ամեն անգամ մեր կոմպրոմիսը մեր գլխին պայթել է»,- ասաց նա:

Վարչապետը նկատեց, որ կորոնավիրուսի համաճարակը տարածվել է կենդանիներից, և հիմա փողոցներում կենդանիներ են վաճառվում, և հետագայում կարող է համաճարակ բռնկվել, հետո կգան զոհերի հիշատակը մեկ րոպե լռությամբ կհարգեն: «Եկեք որոշենք, որ ի վերջո, երկրում, ստանդարտներ են լինելու»:

Անդրադառնալով կարուսելների անվտանգությանը՝ վարչապետն ասաց, որ որքան էլ տեղեկանքներով ամեն ինչ նորմալ է, մենք առաջիկա ժամանակում իքս պահի մի աղետ ունենալու ենք այդտեղ: «Քանի որ միայն վիզուալ նայում ես կարուսելներին, աղետի կոնկրետ նախանշան է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Loading...