10:10   19-08-2022
Image Description
ՀՀ ոստիկանության և Բելառուսի ՆԳՆ պատվիրակությունները ներկայացրել են կիբեռհանցավորության դեմ պայքարում հաջողությունները
Թողնել մեկնաբանություն

Աշխատանքային այցով oգոստոսի 18-ին Հայաստան է ժամանել Բելառուսի Հանրապետության ներքին գործերի նախարարության պատվիրակությունը՝ կիբեռհանցավորությանը հակազդման գլխավոր վարչության պետի տեղակալ Կիրիլ Վյատկինի գլխավորությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, պատվիրակությանն ընդունել է Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանը:

«Աշխատանքային հանդիպմանը մասնակցում էին նաև քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի մասնագիտացված ստորաբաժանման աշխատակիցները:

Քննարկվեցին ժամանակակից կիբեռտիրույթում առկա սպառնալիքներն ու մարտահրավերները, փորձի փոխանակման նպատակով ներկայացվեցին կիբեռհանցավորության դեմ պայքարում երկու երկրների հաջողությունները:

Նշվեց, որ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման պայմաններում ոչ մի երկիր ի զորու չէ միայնակ հակազդել կիբեռհանցագործություններին, և այս ուղղությամբ միջազգային համագործակցության հետագա ամրապնդումն այլընտրանք չունի»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր ևս:

Բելառուսական պատվիրակությունը եղել է նաև Քրեական ոստիկանության օպերատիվ-հետախուզական տեղեկատվության և համակարգչային հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում, ծանոթացել ստորաբաժանման աշխատանքին:

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ Բելառուսի ՆԳՆ պատվիրակության այցը շարունակվում է:


Loading...