12:01   19-08-2022
Image Description
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մեկնարկում է զբաղվածության պետական աջակցության նոր ծրագիր
Թողնել մեկնաբանություն

Գործազուրկ, այդ թվում՝ նպաստառու քաղաքացիներին աշխատանքի ընդունելու դեպքում գործատուները կխրախուսվե: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, ընդգծելով, որ մեկնարկում է զբաղվածության ապահովման պետական աջակցության նոր ծրագիր։   

Ըստ այդմ, գործազուրկ անձանց հետ առնվազն մեկ տարի ժամկետով աշխատանքային պայմանագիր կնքելու դեպքում՝ պետության կողմից գործատուին կտրամադրվի միանվագ փոխհատուցում՝ 250,000 դրամի չափով, իսկ նպաստառու գործազուրկի աշխատանքի ընդունելու դեպքում՝ 350,000 դրամի չափով (ընդ որում՝ աշխատանքային պայմանագիրը չի կարող կնքվել ոչ լրիվ աշխատաժամանակի ռեժիմով)։   

Միջոցառման շահառուները Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնում հաշվառված նպաստառու գործազուրկներն են, ինչպես նաև 35 տարեկանից բարձր և վերջին երեք ամսվա ընթացքում անընդմեջ գործազուրկի կարգավիճակ ունեցող քաղաքացիները։ Ծրագրում կարող են ներգրավվել այն գործատուները, որոնք համապատասխանում են հետևյալ չափորոշիչներին՝

չեն հանդիսանում հանրային ծառայություն իրականացնող պետական կառավարման համակարգի մարմին,

մինչև ծրագրի համար դիմում ներկայացնելը գործել են առնվազն երկու տարի անընդմեջ,

վերջին երեք ամսվա ընթացքում անընդհատ ունեցել են առնվազն 10 վարձու աշխատող,

նրանց կողմից հաշվարկված եկամուտների փաստացի ֆոնդը նշված ժամանակահատվածում չի նվազել, կամ նվազումը կազմել է ոչ ավելի, քան 5 տոկոս:

Ծրագրից օգտվելու համար գործատուները կարող են դիմում ներկայացնել և՛ առձեռն, և՛ առցանց եղանակով։ Առձեռն դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն, իսկ առցանց դիմելու համար նախատեսված պատուհանը հասանելի կլինի առաջիկայում։

Loading...