13:31   19-08-2022
Image Description
Աղվերանում անցկացվում է Համահայկական կրթական խորհրդաժողով. քննարկվում են Սփյուռքի հայկական կրթօջախների հիմնահարցերը
Թողնել մեկնաբանություն

Օգոստոսի 16-21-ն Աղվերանում անցկացվում է Համահայկական կրթական 10-րդ խորհրդաժողովը, որը միավորել է Սփյուռքի հայկական կրթօջախների ներկայացուցիչներին՝ բարձրաձայնելու կրթական ոլորտում հայապահպանության արդի խնդիրներն ու դրանց լուծման ճանապարհները: 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են նախարարությունից, ԿԳՄՍ նախարարությունը Համահայկական կրթական խորհրդաժողովներ կազմակերպում է երկու տարվա պարբերականությամբ: Միջոցառմանը մասնակցում են Սփյուռքի համայնքներում ազգային կրթության և դաստիարակության խնդիրներով զբաղվող մարմինների, կազմակերպությունների, հաստատությունների ներկայացուցիչներ՝ ի դեմս թեմական կրթական խորհուրդների, համայնքների ներկայացուցիչների, կրթօջախների հոգաբարձուների, տնօրենների, ուսուցիչների: Այս տարվա խորհրդաժողովին մասնակցում են 21 երկրի կրթական ոլորտի շուրջ 90 ներկայացուցիչներ։

Երկամյա պարբերականությամբ Հայաստանում անցկացվող խորհրդաժողովների նպատակն է քննարկել արտերկրում հայկական կրթօջախների առկա հիմնահարցերը, հստակեցնել կրթության ոլորտում ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից իրականացվող ծրագրերը և համագործակցության հաջորդական քայլերը:

Խորհրդաժողովի մեկնարկի կապակցությամբ մասնակիցներին շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը։ Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Շնորհավորում եմ բոլորին խորհրդաժողովի մեկնարկի կապակցությամբ։ Խորհրդաժողովում մեզ համախմբում է մեկ մտայնություն՝ հայեցի կրթության և դաստիարակության առկա հիմնախնդիրները Սփյուռքում։ Այն հնարավորություն է ընձեռում համախմբվելու և համատեղ քննարկելու այն ուղին, որով պետք է քայլի հայը, հստակեցնելու կրթության ոլորտում պետական քաղաքականությամբ ամրագրված համագործակցության զարգացման հեռանկարները, գնահատելու արդեն առկա և իրականացվող ծրագրերի արդյունավետությունը։ Այս օրերի արդյունքում մշակված բանաձևը պետք է արտացոլի այն հիմնախնդիրները, որոնց լուծումը կարևոր է Հայաստանի և Սփյուռքի կրթական դաշտի համար։ Մաղթում եմ ձեզ բարի երթ և բեղմնավոր օրեր»։

Խորհրդաժողովի բացմանը մասնակցել են Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Անահիտ Հակոբյանը և նախարարի տեղակալ Միքայել Համբարձումյանը։

Անահիտ Հակոբյանը ևս շնորհավորել է խորհրդաժողովի մասնակիցներին և ներկայացրել Արցախի Հանրապետության կրթական ներկայիս իրավիճակը, հետպատերազմյան խնդիրները, առկա մարտահրավերները նախադպրոցական կրթությունից մինչև բուհեր և գիտություն։ Հարց ու պատասխան ձևաչափով տեղի է ունեցել քննարկում, հնչել են համագործակցության առաջարկներ Արցախի ուսուցիչներին վերապատրաստելու, սեմինարներ կազմակերպելու և կրթական ոլորտի բարելավման այլ ուղղություններով։ Անահիտ Հակոբյանն ի պատասխան առաջարկների՝ ասել է, որ պատրաստակամ է դրանք մանրամասն քննարկել և ծառայեցնել ի նպաստ Արցախի կրթական համակարգի բարելավման։

Խորհրդաժողովում որպես աշխատանքի հիմնական ձև՝ սահմանված են լիագումար նիստեր և բաց քննարկումներ: Համախմբվելով ընդհանուր օրակարգի շուրջ` խորհրդաժողովի մասնակիցները ծանոթանում են ՀՀ-ում, Արցախում և Սփյուռքի տարբեր տարածաշրջանների կրթության ոլորտում առկա իրավիճակին, ուրվագծում են համագործակցության եզրերը և հստակեցնում հետագա խնդիրներն ու անելիքները: Տարբեր երկրների պատվիրակներն աշխատում են նաև միևնույն թեմատիկ մասնախմբերում` փոխանակելով իրենց փորձը, ներկայացնելով ծրագրերը, ծանոթանալով Հայաստանում մշակված և իրագործվող ուսումնական ծրագրերին ու մանկավարժական ձեռքբերումներին: Մասնախմբերում այս տարվա առանցքային թեմաներն են Սփյուռքի ամենօրյա և մեկօրյա դպրոցներում արևելահայերենի և արևմտահայերենի դասավանդման հիմնախնդիրները, կրթական կառույցների երկկողմանի համագործակցության հեռանկարները,  նախադպրոցականների և մեծահասակների կրթության կազմակերպման առանձնահատկությունները, խնդիրները և այլն:

Խորհրդաժողովն ամփոփվելու է քննարկումների արդյունքներով պայմանավորված բանաձևի ընդունմամբ, որն  ուղղորդիչ է դառնալու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առաջիկա երկու տարիների գործունեության համար:

Առաջին անգամ Համահայկական կրթական խորհրդաժողովն անցկացվել է 2004 թվականին:

2020 թվականին COVID-19 վարակով պայմանավորված՝ խորհրդաժողովն անցկացվել է հեռավար ձևաչափով՝ ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի (ՀՎՀ) հետ համագործակցությամբ:

Loading...