16:09   19-08-2022
Image Description
Ներկայիս բարդագույն մարտահրավերների պայմաններում ակնառու աճ է արձանագրվել հայ-վրացական առևտրատնտեսական հարաբերություններում. Փաշինյան
Թողնել մեկնաբանություն

Հայ-վրացական սահմանի «Բարեկամություն» կամրջի պաշտոնական բացմանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինանն անդրադարձավ հայ-վրացական հարաբերություններին ու առևտրաշրջանառության աճին:

«Անկասկած, ընդհանուր արժեքների և պատմական ժառանգության վրա խարսխված մեր երկու եղբայրական երկրների դարավոր կապերն ունեն նման արդիական և ժամանակի պահանջներին համահունչ կարևոր ենթակառուցվածքի կարիք, որն ամուր հենք է ստեղծում մեր հետագա ծավալուն համագործակցության համար: Առավել քան համոզված եմ, որ այսօր առկա են բոլոր անհրաժեշտ նախադրյալները ՀՀ արտաքին քաղաքականության կարևոր առաջնահերթություններին համապատասխան զարգացնելու և խորացնելու հարաբերությունները եղբայրական Վրաստանի հետ:

Ներկայիս բարդագույն մարտահրավերների պայմաններում ակնառու աճ է արձանագրվել հայ-վրացական առևտրատնտեսական հարաբերություններում:

Ես այսօր հաճելիորեն զարմացա՝ արձանագրելով, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 97 տոկոս առևտրաշրջանառության աճ ունենք»,- ասաց Փաշինյանը:

Նա շեշտեց, որ հայ-վրացական առևտրատնտեսական հարաբերություններն ունեն առավել մեծ ներուժ: Վարչապետի խոսքով՝ համագործակցության խորացման լուրջ հնարավորություններ կան արդյունաբերության, գյուղատնտեսության, դեղագործության, տեղեկատվության և կապի, տրանսպորտի, էներգետիկայի, զբոսաշրջության և այլ ոլորտներում:

«Առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար առանցքային նշանակություն ունեն հաղորդակցային ուղիները, որոնք հնարավորություն են տալիս ինտեգրվել համաշխարհային տնտեսությանը և կենսական կապ հաստատել և ապահովել տարածաշրջանային ու միջազգային մակարդակով:

Մեր երկկողմ համագործակցության տրանսպորտային ոլորտի առաջնահերթությունն ու տրանսպորտային միջազգային մի շարք կառույցներում փոխգործակցությունը մեզ հնարավորություն են ընձեռում իրատեսական քայլեր ձեռնարկել ոչ միայն Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքների, այև տրանսպորտի ոլորտի հանգուցային կապ ապահովող այլ նախաձեռնությունների համար»,- ասաց նա:

Հայ-վրացական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցակետի շինարարությունը մեկնարկել էր 2021 թվականի մայիսին: Երկու մասից բաղկացած նոր կամուրջը համապատասխանում է միջազգային չափանիշներին, թողունակությունը 3-4 անգամ ավելի մեծ է լինելու: Այն փորձնական շահագործման է հանձնվել օգոստոսի սկզբին։ Բացման պաշտոնական արարողությանը ելույթ են ունեցել Հայաստանի և Վրաստանի վարչապետները:

Loading...