18:02   19-08-2022
Image Description
Էրդողանը կրկին նվազեցրել է տոկոսադրույքները, եւ թուրքական բանկերն այժմ քաոսի մեջ են
Թողնել մեկնաբանություն

Էրդողանը կրկին նվազեցրել է տոկոսադրույքները, եւ թուրքական բանկերն այժմ քաոսի մեջ են։ Երկու ամիս անց այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ  Էրդողանը խոստացավ նվազեցնել տոկոսադրույքները, Կենտրոնական բանկը դա արեց՝ չնայած մոլեգնող ինֆլյացիային եւ տնտեսագետների միաձայն կարծիքին, գրում է Bloomberg-ը։ 

Դրամավարկային քաղաքականության կոմիտեն՝ Սահապ Քավչիօղլուի գլխավորությամբ, ասել է, որ հիմնական տոկոսադրույքը 100 բազիսային կետով իջեցնելուց հետո «կշարունակի ամրապնդել մակրոտնտեսային քաղաքականության գործիքները»՝ դրամավարկային քաղաքականության փոխանցման մեխանիզմը ամրապնդելու համար։   

Միեւնույն ժամանակ, լիրային կոմերցիոն վարկերի միջին տոկոսադրույքը հուլիսին աճել է մինչեւ 30 տոկոս, ինչը ամենաբարձր ցուցանիշն է վերջին չորս տարվա ընթացքում: 

Թեեւ այն փոքր-ինչ ընկել է ֆինանսական ճգնաժամի վերաբերյալ գործարարների բողոքների ֆոնին, սակայն պաշտոնական տվյալներով օգոստոսի 12-ի դրությամբ այն դեռեւս մնացել է 27 տոկոսի մակարդակում։ Ավտովարկերի միջին տոկոսադրույքները կազմել են 28 տոկոս, իսկ սպառողական վարկերի տոկոսադրույքները նախորդ ամսվա համեմատ մնացել են 30 տոկոսից բարձր: 

«Հավանական է, որ բանկերը կխրախուսվեն հաշվեկշռի որոշ լրացուցիչ սահմանափակումներով՝ իրենց վարկավորման տոկոսադրույքները մոտեցնելու ավանդների տոկոսադրույքներին»,-ասել է Կենտրոնական բանկի նախկին գլխավոր տնտեսագետ եւ Անկարայի Բիլքենթ համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր Հաքան Կարան:  

Loading...