10:26   07-09-2022
Image Description
Լրացուցիչ երաշխիքներ կստեղծվեն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության իրավունքի իրացման համար
Թողնել մեկնաբանություն

Նախադպրոցական, հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց կրթության կազմակերպման ներառականությունն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Բաթոյանը փոփոխություններ է առաջարկել «Կրթության մասին» օրենքում:

Առաջարկվող լրացումները Սիսակ Գաբրիելյանի նախագահությամբ քննարկվել են ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 6-ի նիստում, տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը:

Զարուհի Բաթոյանի խոսքով՝ 2014 թ. կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների համար հանրակրթական հաստատությունների ֆինանսավորումն իրականացվել է բարձրացված չափաքանակներով, ինչը սահմանված է նաև «Կրթության մասին» ՀՀ օրենքով: Հատկացվող ֆինանսավորումը, սակայն, հիմնականում ուղղվել է մասնագետների վարձատրությանը, և բավարար ուշադրության չի արժանացել երեխաների անհատական կարիքներին համապատասխան խելամիտ հարմարեցումների ստեղծման գործընթացը: Նախագծով նախադպրոցական, հանրակրթական, նախնական մասնագիտական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները խելամիտ հարմարեցումներ ապահովելու նպատակով պետական բյուջեի միջոցներից կստանան նպատակային ֆինանսավորում:

Օրենքը սահմանում է, որ հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոններում սովորող երեխաներն ապահովվում են դասագրքերով, հատուկ գրենական պիտույքներով ու հարմարանքներով, գիտամեթոդական նյութերով, սակայն հստակեցված չեն պարտականությունները, և հասկանալի չէ, թե ով է պարտավոր ապահովելու վերը նշվածը: Կսահմանվի պետական պարտավորություն՝ հատուկ ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների բոլոր դասարանների սովորողներին պետական միջոցների հաշվին դասագրքերով և ուսումնառության համար անհրաժեշտ այլ նյութերով ապահովելու համար:

Հեղինակն առաջարկում է ուժը կորցրած ճանաչել օրենքի 19-րդ հոդվածը, որով սահմանվում են պետության՝ հատուկ դպրոցներ ստեղծելու լիազորությունները: Ըստ Զարուհի Բաթոյանի՝ այս հոդվածը ժամանակավրեպ է, քանի որ մեր երկիրը վաղուց ստանձնել է համընդհանուր ներառման սկզբունքը և հատուկ դպրոցներ բացելու ծրագրեր ու նպատակներ չունի:

«Զարուհի Բաթոյանի առաջարկները համահունչ են Կառավարության վարած քաղաքականությանը և կրթության բոլոր մակարդակներում ներառականության որակն ամրապնդելու նպատակ ունեն»,-ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով Կառավարության տեսակետը:

Նրա խոսքով՝ բնագավառում իրականացվող փոփոխությունների նպատակը կրթությունը հասանելի դարձնելն է բոլոր երեխաներին՝ անկախ իրենց խնդիրներից:

Հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը ևս հարակից զեկույցում կարեւորել է օրենսդրական առաջարկը՝ նշելով, որ այն համապատասխանում է Կառավարության քաղաքականությանը և կրթության զարգացման ծրագրին:

Նախաձեռնությունն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:

««Խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման և օգտագործման ոլորտում համագործակցության մասին Անկախ Պետությունների Համագործակցության» կոնվենցիան վավերացնելու մասին» օրենքի նախագծի քննարկումը հետաձգվել է մինչև երկու ամսով:

Loading...