16:02   08-09-2022
Image Description
Չի լինելու մեխանիկական միավորում, լինելու է հստակ բովանդակային մոտեցում. նախարարը՝ բուհերի խոշորացման ծրագրերի մասին
Թողնել մեկնաբանություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը վստահեցնում է, որ Հայաստանում բուհերի մեխանիկական միավորում չի լինելու, լինելու է հստակ բովանդակային մոտեցում, ստեղծվելու են նոր բուհեր՝ եղած բուհերի հենքով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Դումանյանն այս մասին ասաց կառավարության նիստից հետո ճեպազրույցում՝ անդրադառնալով նաև բուհերն Աշտարակ տեղափոխելու մտադրությանը:

«Ակադեմիական քաղաքի գաղափարն արդեն անցնում է գործնական փուլ: Այո, քննարկվում են տարբերակներ՝ ոչ թե միավորվելու, այլ ստեղծելու նոր բուհեր՝ եղած բուհերի հենքով: Դա չի լինելու մեխանիկական միավորում, լինելու է որոշակի հստակ բովանդակային մոտեցում»,-ասաց նախարարը:

Նա հավելեց, որ շատ դրական է վերաբերվում  այդ գաղափարին, որի նպատակն է ունենալ մրցունակ, միջազգային չափանիշներին համապատասխան բուհեր, ենթակառուցվաքներ, բուհական, գիտական միջավայր, ինչը, ըստ նրա, լիովին հնարավոր է իրականացնել Աշտարակի այն տարածքում, ինչի մասին հայտարարվել է: Դումանյանը՝ վստահեցրեց, որ իմաստ են դնելու այդ նոր կառուցվածքի մեջ: Նոր ենթադրվող բուհերի մեջ պետք է լինեն գիտահետազոտական կառույցներ՝ ըստ նպատակահարմարության:

Ինչպես կառավարության նախորդ նիստում հայտարարել էր ՀՀ վարչապետը՝ կառավարությունը մտադիր է գնալ բուհերի խոշորացման որոշ գիտահետազոտական ինստիտուտների հետ ինտեգրման ճանապարհով՝ ունենալով առավելագույնը 8 պետական բուհ: Կառավարությունն արդեն կողմնորոշվել է ակադեմիական քաղաքի տեղադիրքի հարցով: Այն կկառուցվի Արագածոտնի մարզում, ավելի կոնկրետ՝ Աշտարակում, և  միավորվող բուհերը ժամանակի ընթացքում կտեղափոխվեն այնտեղ:

Դումանյանը հիշեցրեց, որ Երևանում գործում է 12 պետական բուհ: «Եթե ուշադիր նայեք բուհերի ուղղվածությանը, մասնագիտությունների ցանկը, կտեսնեք, որ 8-ը փոքր թիվ չէ: Նպատակն այն 8 թիվը չէ: Դա բավականին մեծ թիվ է մեր հանրապետության համար»,-նշեց նա:

Նախարարը, անդրադառնալով տարբեր քննարկումների, թե, օրինակ, ԵՊՀ-ի շենքը կարող է դառնալ հյուրանոց, վստահեցրեց, որ Երևանի պետական համալսարանի շենքը մնալու է ԵՊՀ-ի շենք:

Loading...