11:17   24-09-2022
Image Description
ՀՀ ու Եգիպտոսի ԱԳ նախարարներն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին, ԼՂ հակամարտության կարգավորմանը
Թողնել մեկնաբանություն

ՄԱԿ Գլխավոր Աասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում հանդիպել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության ԱԳ նախարար Սամեհ Շուքրիի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, նախարար Միրզոյանը գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ իրագործված լայնածավալ ագրեսիայի մանրամասները` խստորեն դատապարտելով ադրբեջանական զինուժի կողմից խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների միտումնավոր թիրախավորումը, միջազգային հումանիտար իրավունքի խախտումները: Արարատ Միրզոյանն առանձնահատուկ ընդգծել է միջազգային գործընկերների կողմից Ադրբեջանին ուղղված հասցեական հայտարարությունների կարևորությունը և նոր ագրեսիաները կանխելու նպատակով գործուն քայլերի իրականացումը։

Ըստ աղբյուրի՝ անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին։

Նշվում է, որ զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև հայ-եգիպտական երկկողմ օրակարգին: Այս համատեքստում զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են հայ-եգիպտական քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև փոխվստահության վրա հիմնված ակտիվ փոխգործակցությունը։ Արարատ Միրզոյանն ու Սամեհ Շուքրին պատրաստակամություն են հայտնել գործուն քայլեր ձեռնարկել` առևտրատնտեսական կապերի, զբոսաշրջության և գիտամշակութային ոլորտներում առկա համագործակցությանը նոր թափ հաղորդելու ուղղությամբ:

Loading...