12:06   26-09-2022
Image Description
Իրանում զանգվածային ցույց է տեղի ունեցել վերջին օրերի բողոքի ակցիաների դեմ
Թողնել մեկնաբանություն

Իրանի տարբեր քաղաքներում զանգվածային ցույցեր են տեղի ունեցել վերջին օրերին երկրում կազմակերպված բողոքի ակցիաների դեմ։ IRNA գործակալության փոխանցմամբ՝ Թեհրանում հազարավոր քաղաքացիներ դատապարտել են ակցիաների մասնակիցների վնասարար գործողությունները հանրային սեփականության նկատմամբ, շեշտել են հասարակական կարգը խախտողների դեմ վճռական միջոցներ կիրառելու անհրաժեշտությունը։

Հիշեցնենք՝ վերջին օրերին Իրանում հազարավոր մարդիկ ցույցի են դուրս եկել՝ իրենց բողոքն արտահայտելով Մահսա Ամինիի մահվան կապակցությամբ, ով ձերբակալվել էր գլխաշորը սխալ կրելու համար։ Բողոքի ակցիաների ընթացքում եղել են զոհեր և վիրավորներ։

Իրանում շարունակվող բողոքի ակցիաներին անդրադարձել է Եվրոպական Միությունը։ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելն անընդունելի է անվանել Իրանի իշխանությունների կողմից ցուցարարների նկատմամբ անհամաչափ ուժի կիրառումը։ Ըստ Բորելի տարածած հայտարարության՝ Բրյուսելն ակնկալում է, որ Իրանը կհստակեցնի զոհվածների և ձերբակալվածների թիվը և ազատ կարձակի խաղաղ ցուցարարներին։ Բորելը նաև ընդգծել է, որ Մահսա Ամինիի սպանությունը պետք է պատշաճ կերպով հետաքննվի, իսկ նրա մահվան պատասխանատուները պատժվեն։

Ոստիկանությունը հայտնում է, որ 22-ամյա Ամինին մահացել է սրտի կաթվածից, իսկ նրա ընտանիքը պնդում է, որ աղջիկը առողջական խնդիրներ չի ունեցել։

Loading...