12:24   28-09-2022
Image Description
Առաջարկվում է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի կազմում ունենալ Հակակոռուպցիոն և Քննչական կոմիտեների ներկայացուցիչներ
Թողնել մեկնաբանություն

Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի կազմում Հակակոռուպցիոն և Քննչական կոմիտեների ներկայացուցիչներ ունենալու անհրաժեշտությամբ պայմանավորված` Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է առաջարկում «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում:

Հարցն առաջին ընթերցմամբ քննարկվել է սեպտեմբերի 28-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Նախաձեռնությունը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:

Առաջարկվում է խորհրդի անդամների թիվը 7-ից դարձնել 13: Խորհրդի կազմում կընդգրկվի 3 ինքնավար պաշտոն զբաղեցնող անձ թե’ Հակակոռուպցիոն կոմիտեից, թե’ Քննչական կոմիտեից:

«Մի շարք որոշումներ ընդունվում են հենց կառավարման խորհրդի շրջանակներում: Կարևոր է, որ մենք ունենանք բոլոր շահառուների հավասար մասնակցություն և ներկայացվածություն կառավարման խորհրդում: Ըստ այդմ, առաջարկվում է հավասար մոտեցման սկզբունքով ունենալ բոլոր շահառուներից երեքական ներկայացուցիչներ»,- ընդգծել է փոխնախարարը:

Նախաձեռնությամբ առաջարկվում է նաև, որ գլխավոր դատախազից բացի, Հակակոռուպցիոն և Քննչական կոմիտեների նախագահները ևս կարող են հրավիրել խորհրդի նիստեր:

Կատարվել են նաեւ տեխնիկական փոփոխություններ:

Հարակից զեկուցող, հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի խոսքով` փոփոխությունները բխում են քրեադատավարական բարեփոխումներից: Պատգամավորը նախագծի վերաբերյալ ներկայացրել է իր դիտարկումները, որոնք ընդունվել են հեղինակի կողմից:

Լրամշակված նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

Loading...