13:51   28-09-2022
Image Description
Վիճակը ծանր է, բայց պետք է միավորենք բոլոր ուժերը և պայքարելով նոր դռներ բացենք. Քոչարյանը՝ Տեր-Պետրոսյանի հայտարարության մասին
Թողնել մեկնաբանություն

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը համաձայն է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, որ Հայաստանը հայտնվել է ծանր իրավիճակում, սակայն նշում է, որ լուծումների հարցում իրենց մոտեցումները տարբեր են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ռոբերտ Քոչարյանն այս մասին ասել է սեպտեմբերի 28-ին կայացած ասուլիսի ընթացքում:

«Ես համաձայն եմ առաջին նախագահի հետ, որ չափազանց բարդ է, ուղղակի եզրակացություններն են տարբեր: Ինքը համարում է, որ այնքան բարդ է, որ պետք է նվազագույն չարիքն ընդունել, ես համարում եմ, որ այնքան բարդ է, որ պետք է միավորել բոլոր ուժերը և պայքարով նոր դռներ բացել»,- ասաց Քոչարյանը:

Նա նշեց՝ երբեք չի համարել, որ լինում են անհույս վիճակներ, քանի որ միայն պայքարողի համար է դուռ բացվում:

«Այո, վիճակը ծանր է, այո, կան բազմաթիվ խնդիրներ, բայց դա չի նշանակում, որ պետք է այդ վիճակում ուղղակի հանձնվենք և ընդունենք այն պարտադրանքները, որոնք այսօր արվում են Հայաստանի նկատմամբ: Ես այդպիսի գնահատականը չեմ կիսում»,- մանրամասնեց ՀՀ երկրորդ նախագահը:

Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ Հայաստանը հայտնվել է ծանր վիճակում, սպասվում են ցավոտ որոշումներ՝ ընդգծելով, որ պայմանագրեր պետք է կնքվեն Թուրքիայի և Ադրբեջանի հետ: Առաջին նախագահը կարծիք էր հայտնել, որ ընդդիմությունն ու իշխանությունը պետք է երկխոսեն, որպեսզի առկա բոլոր հնարավոր լուծումներից ընտրեն ամենաքիչ ցավոտ լուծումը:

Loading...