16:15   28-09-2022
Image Description
Հիմնանորոգվում են Իջևան խոշորացված համայնքի 4 գյուղի ճանապարհները
Թողնել մեկնաբանություն

Վերջապես մեր փողոցում էլ տոն եղավ՝ ասում են այգեհովիտցիները՝ քայլելով հաճույքով ու անշտապ: Գյուղի այս ճանապարհը վերջին անգամ ասֆալտապատվել է մոտ 40 տարի առաջ․

Մարգարիտա Մադանցյան (Իջևան համայնքի Այգեհովիտ գյուղի բնակիչ) - Ամեն օր օգտվում եմ այս ճանապարհից, խորդուբորդ, քարերով, մանավանդ անձրև ժամանակ հնարավոր չէր, հիմա նույնիսկ մեքենայով չեմ ուզում գնալ, էնքան հաճելի ա քայլելը:

Մետաքսյա Օհանջանյան (Իջևան համայնքի Այգեհովիտ գյուղի բնակիչ) - Ճանապարհը շատ լավն ա, երբեք չենք տեսել էսպիսի ճանապարհ:

Սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվել է սահմանամերձ Այգեհովիտ գյուղի ամենաբանուկ ճանապարհի մոտ 1,5 կմ-ը, ինչը, ըստ վարչական ղեկավարի, հնարավոր դարձավ համայնքի խոշորացումից հետո: Հարդարման վերջին աշխատանքներն են․

Լևոն Գրիգորյան (Իջևան համայնքի Այգեհովիտ գյուղի վարչական ղեկավար) - Բնակչության կողմից առաջնահերթությունը տրվել է հենց այս ճանապարհին: Հաջորդ ասֆալտապատման աշխատանքները կիրականացվեն մյուս տարի, շարունակությունը 3 կմ է: Եթե խոշորացումը չէր եղել, մենք կարող էինք վերանորոգել միայն 600-700 մետրը:

Սա նաև արտակարգ իրավիճակներում կարող է դառնալ Բերդ համայնք տանող շրջանցիկ ճանապարհը: Ծրագրի 132 մլն 735 հազար դրամ ընդհանուր արժեքի 59 մլն 730 հազարը գյուղի ներդրումն է: Այս տարվա սուբվենցիոն ճանապարհաշինական ծրագրերում ներառված են նաև Իջևան խոշորացված համայնքի Սևքար, Աչաջուր և Խաշթառակ գյուղերը:

Արարատ Պարոնյան (Իջևանի համայնքապետարանի զարգացման ծրագրերի բաժնի պետ) - Գյուղերում ավարտվել են արդեն Այգեհովիտի 1,5 կմ ճանապարհի ասֆալտապատումը, Աչաջուր գյուղում օղակաձև շրջանցման հատվածն է ասֆալտապատվել, մոտ 800 մ, Խաշթառակում աշխատանքները շարունակվում են:

Մի քանի գյուղերում սուբվենցիոն ծրագրով նախատեսված է նաև ոռոգման համակարգերի արդիականացում:

Loading...