10:54   30-09-2022
Image Description
Նվազագույն աշխատավարձն ու թոշակները կբարձրանան. կառավարության այսօրվա նիստի որոշումները
Թողնել մեկնաբանություն

2023թ.-ի հունվարի 1-ից կբարձրանա նվազագույն աշխատավարձը, հուլիսից՝ կենսաթոշակներն ու սոցիալական այլ վճարների չափը: Որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում, որտեղ ներկայացվել և հաստատվել է նաև «2023 թ.-ի պետական բյուջեի մասին» ՀՀ-ն օրենքի նախագիծը:

Ընթացիկ տարվա առաջին ութ ամիսների տվյալներով Հայաստանն ունի բավական բարձր տնտեսական ակտիվության ցուցանիշ` 13.9 տոկոս, իսկ օգոստոս ամսին եղել է 18.4 տոկոս: Կառավարության նիստի ընթացքում ասաց էկոնոմիկայի նախարարը և նշեց, որ ընկերությունները որոշակիորեն ճշգրտում են իրենց պլանները:

Կանխատեսվում է, որ 2022 թ.-ին Հայաստանի տնտեսական աճը կկազմի 11-12 տոկոս, հայտնեց ֆինանսների նախարարը՝ «ՀՀ 2023 թ.-ի պետական բյուջեի մասին» ՀՀ-ն օրենքի նախագիծը ներկայացնելիս: Խաչատրյանը հիշեցրեց, որ այս տարվա 8 ամիսներին տնտեսական ակտիվությունն աճել է 13.9 տոկոսով, ինչի արդյունքում պետբյուջեով սկզբնապես սահմանված հարկային եկամուտների պլանը գերակատարվում է:

Խաչատրյանի ներկայացմամբ, սեփական եկամուտների և ներգրավվող միջոցների հաշվին ֆինանսավորելու արդյունքում 2023 թ.-ի ծախսերի հանրագումարը կկազմի 2 տրլն 590 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 27.8 տոկոսը: Այն 2022 թ.-ի պետբյուջեով հաստատված ծախսերը կգերազանցի 18.3 տոկոսով:

Չնայած հարցը չզեկուցվողների շարքից էր, սակայն ֆինանսների նախարարը հարկ համարեց նշել, որ Հայաստանում 2023 թ.-ի հունվարի 1-ից նվազագույն ամսական աշխատավարձը կբարձրանա՝ դառնալով 75 հազար դրամ՝ գործող 68 հազար դրամի փոխարեն: Այսպիսով՝ պետական և մասնավոր հատվածներում ընդհանուր առմամբ աշխատանքի վարձատրությանն ուղղվող ծախսերը կավելանան տարեկան շուրջ 109.5 մլրդ դրամով։ Կառավարությունը մտադրված է բոլոր ոլորտներում աշխատավարձերի էական՝ անգամներով բարձրացում անել, սակայն զուգահեռ պահանջելու է որակի հավաստագրում:

4 ճանապարհահատվածներից 3-ի հիմնանորոգումն ավարտելու և մեկի շինաշխատանքների ընթացքն ապահովելու համար պետբյուջեից կհատկացվի 3 մլրդ 61 մլն դրամ: Գնել Սանոսյանը ներկայացրեց, որ այդ գումարով Տաթև-Աղվանի 3 ճանապարհներից մեկում, 13 կմ երկարությամբ կտեղադրվի ասֆալտի 3-րդ շերտը, որ ճանապարհը ծառայի նաև բեռնատարների համար և աշխատանքները կավարտվեն այս հոկտեմբերին: Տաթև-Աղվանիի Վերին Խոտանան գյուղի հատվածում 11 կմ երկարությամբ շրջանցիկ ճանապարհ կկառուցվի, այժմ 2-րդ փուլին են հասել և ասֆալտապատման աշխատանքներ են իրականացնում: Քաջարան-Մեղրի 8.2 կմ-ոց հատվածում հիմնանորոգման աշխատանքները կավարտվեն այս տարի և գումար է հատկացվում Տավուշի մարզի Քոլագարի Ճամբար կոչվող 1.7 կմ-ոց հատվածի հիմնանորոգման համար:

Loading...