10:56   30-09-2022
Image Description
Հայկական կողմը գիտի, թե որտեղ քանի դի կա, բայց դրանք դուրս բերելու փորձերը հանդիպել են Ադրբեջանի ԶՈւ ուժեղ կրակին
Թողնել մեկնաբանություն

Հայկական կողմը գիտի, թե սեպտեմբերի 13-ի՝ ադրբեջանական սադրանքի արդյունքում որտեղ քանի դի կա, սակայն մարմինները դուրս բերելու փորձերը հանդիպել են ադրբեջանական ուժերի ուժեղ կրակին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանն այս մասին ասաց օտարերկրյա դիվանագետների և լրագրողների հետ հանդիպմանը Վարդենիսում:

Անդրադառնալով նրան, որ անհետ կորած զինծառայողների ծնողներն ահազանգում են, որ Վերին Շորժայի դիրքերից մեկի բլրակում զինծառայողների մարմիններ կան, և ՊՆ-ն դեռ մարմինները դուրս չի բերել՝ ԳՇ պետի տեղակալն ասաց, որ դա ճիշտ է:

«Մենք թողել ենք միայն այն դիրքերը, որտեղ մեր զինակից ընկերները զոհվել են: Այսօր մենք իսկապես գիտենք, թե որտեղ մեր ընկերների քանի մարմին ունենք, դա մեր ամենացավոտ տեղն է: Հանուն հայրենիքի կյանքը տված զինծառայողը պետք է զինվորին վայել հանձնվի հողին: Ադրբեջանական կողմը խոստացավ հումանիտար զինադադար, հումանիտար զինադադարը նախատեսում է վիրավորների և աճյունների դուրսբերում, մեր փորձերը՝ դուրս բերելու մեր զինծառայողների՝ մեր զոհված ընկերների աճյունները, հակառակորդի կողմից հանդիպեցին կրակի ուժեղ ազդեցության և հայտարարության, թե ադրբեջանական կողմը կվերադարձնի մեր զինծառայողների մարմինները»,-ասաց Մարտիկյանը:

Loading...