11:22   01-10-2022
Image Description
Շահագրգռված ենք Իրանի հետ մեր հարաբերությունների զարգացմամբ. Նիկոլ Փաշինյան
Թողնել մեկնաբանություն

 Հայաստանը առավելագույն հնարավոր գործնական քայլեր է ձեռնարկում Իրանի հետ փոխգործակցությունը խորացնելու ուղղությամբ:

 Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Թեհրանի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանն աջակցող հայտարարությունների մասին:

Հարցազրույցավարի հարցը հետևյալն էր, որ ադրբեջանական ագրեսիայից հետո Իրանը ՀՀ տարածքային ամբողջականությանը պաշտպանող բազմաթիվ հայտարարություններ է արել, ի՞նչ քայլեր են ձեռնարկվում, որպեսզի Իրանի այդ դիրքորոշման հիման վրա խորացվի հայ-իրանական գործակցությունը: Զուգահեռներ անցկացնելով Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիայի վերաբերյալ ՀԱՊԿ-ի (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն) և հարևան Իրանի Իսլամական Հանրապետության տված գնահատականների միջև՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ այդ առումով ամենակարևորը հստակ քաղաքական դիրքորոշման ձևակերպումն է, քանի որ գործողությունները բխում են քաղաքական դիրքորոշման ձևակերպումից:

«Եթե չկա հստակ քաղաքական դիրքորոշում՝ գործողություններ նույնպես չեն կարող լինել: Այդ առումով մենք Իրանի հետ շատ սերտ համագործակցում ենք: Դուք տեսաք, որ նաև Նյու Յորքում ես հանդիպում ունեցա Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի հետ: Մենք շատ երկար, մանրամասն քննարկեցինք, զրուցեցինք մեր հարաբերությունների զարգացման մասին, այդ թվում՝ տարածաշրջանային իրավիճակը քննարկեցինք: Մենք շատ ինտենսիվ հարաբերությունների մեջ ենք, փոխայցելություններ են լինում, աշխատանքային քննարկումներ են լինում, հեռախոսազրույցներ են լինում, և մենք, իհարկե, շահագրգռված ենք Իրանի հետ մեր հարաբերությունների զարգացմամբ և մենք փորձում ենք դրան ուղղված առավելագույն հնարավոր գործնական քայլեր ձեռնարկել», - պատասխանեց Նիկոլ Փաշինյանը:

Loading...