Ռուսաստանի Դաշնությունից դիզվառելիքի առաջին խմբաքանակը՝ 35 մլն լիտր,հասել է Բրազիլիա։ Այս մասին հայտարարել է երկրի հանքարդյունաբերության եւ էներգետիկայի նախարար Ադոլֆո Սաշիդան։
«Մոտ 35 մլն լիտր դիզվառելիք Ռուսաստանից հասել է Սանտոս նավահանգիստ։ Իրականացվում են այլ գործողություններ ռուսական դիզվառելիքի ներկրման ուղղությամբ»,- գրել է նա իր Twitter-ում։
Նախարարի խոսքով՝ հաջորդ ներմուծումը սպասվում է հոկտեմբերին։ Նա նշել է, որ այս կերպ կառավարությունը մտադիր է խթանել մրցակցությունը և նվազեցնել էներգակիրների գները։
Ավելի վաղ՝ սեպտեմբերի 22-ին, Բրազիլիայի արտգործնախարար Կառլուս Ալբերտո Ֆրանկո Ֆրանսան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել էր իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ։ Նախարարները «վերահաստատել են անհանգստությունը համաշխարհային պարենային և էներգետիկ անվտանգության վրա միակողմանի պատժամիջոցների ազդեցության վերաբերյալ»։
Քննարկվել է նաեւ Բրազիլիայի ագրոարդյունաբերական համալիրին պարարտանյութերի մատակարարման հարցը։