10:15   05-10-2022
Image Description
Փոխվարչապետ Մաթևոսյանն ընդունել է տեխնոլոգիական և խորհրդատվական առաջատար ընկերությունների ներկայացուցիչներին
Թողնել մեկնաբանություն

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) կողմից ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ կազմակերպվող Գլոբալ ինովացիոն ֆորումի շրջանակներում Հայաստան ժամանած՝ տեխնոլոգիական և խորհրդատվական առաջատար ընկերությունների ներկայացուցիչների։ Այս մասին տեղեկացնում են փոխվարչապետի գրասենյակից։

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ փոխվարչապետը անդրադարձել է Հայաստանի՝ որպես կարևոր տեխնոլոգիական կենտրոնի կայացման ներուժին՝ հատուկ շեշտադրելով տեխնոլոգիական ընկերությունների համար առկա հնարավորությունները, ինչպես նաև ընդհանուր էկոհամակարգի առանձնահատկություններն ու ոլորտի զարգացման միտումները։

Կարևորելով բարձր տեխնոլոգիաների նշանակությունը Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման ճանապարհին՝ փոխվարչապետը վերահաստատել է գիտելիքահեն և նորարար տնտեսության կառուցման գործում Կառավարության հանձնառությունը: Փոխվարչապետ Մաթևոսյանը ներկայացրել է նաև ՀՀ գործարար միջավայրի և ոլորտային առանձնահատկությունները՝ հույս հայտնելով, որ գործարարները կդիտարկեն իրենց ընկերությունները դեպի Հայաստան ընդլայնելու հնարավորությունները։

Ֆոտոնային տեխնոլոգիաների ոլորտի առաջատար «Coherent Corporation»-ի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Վինսենտ Մատերան տեղեկացրել է Հայաստանի՝ ընկերության գործունեության ընդլայնման համար հետաքրքիր ուղղություն լինելու հանգամանքը՝ պայմանավորված նախ և առաջ տաղանդավոր երիտասարդ մասնագետների առկայությամբ և ձևավորված բարենպաստ էկոմիջավայրով։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հնարավոր համագործակցության ուղղություններին՝ կարևորելով ինչպես պետական հատվածի, այնպես էլ տեղական ընկերությունների և կրթական հաստատությունների հետ հնարավոր փոխգործակցությունը։

Loading...