10:03   06-10-2022
Image Description
Ռուսաստանը չի ընդգրկվել Քաղավիացիայի միջազգային կազմակերպության խորհրդի երեք խմբերից և ոչ մեկում
Թողնել մեկնաբանություն

Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) խորհրդի անդամ երկրների ընտրության քվեարկության արդյունքների հիման վրա Ռուսաստանը չի ընդգրկվել այս ղեկավար մարմնի երեք խմբերից և ոչ մեկում, ասվում է ICAO-ի հաղորդագրությունում։

ICAO-ի խորհուրդը բաղկացած է 36 երկրից, այն վերընտրվում է երեք տարին մեկ անգամ՝ ասամբլեայում, որը միավորում է կազմակերպության անդամ 193 երկրի ներկայացուցիչներին։ Խորհուրդը բաժանված է երեք խմբի՝ առաջինը ներառում է պետություններ, որոնք առաջնահերթ նշանակություն ունեն համաշխարհային օդային տրանսպորտի համար, երկրորդը՝ կարևոր են միջազգային աերոնավիգացիա ապահովելու համար։ Երկրների երրորդ խումբը ձևավորվում է միայն աշխարհագրական սկզբունքով, որպեսզի խորհրդում ներկայացված լինեն բոլոր մայրցամաքները։ Ռուսաստանը նախկինում առաջին խմբում էր։

Առաջին խմբի նոր կազմի ընտրությունները տեղի են ունեցել անցյալ շաբաթ: Ստանալով 80 երկրի աջակցությունը՝ պահանջվող նվազագույն 86-ի փոխարեն, Ռուսաստանը չի դարձել այդ խմբի անդամ: Խմբում վերընտրվել են Ավստրալիան, Բրազիլիան, Կանադան, Չինաստանը, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ճապոնիան, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը: Ըստ օդային տրանսպորտի գործակալության հաղորդման, Ռուսաստանը չի ընդգրկվել նաև մյուս խմբերում:

ICAO-ն ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալություն է, որը սահմանում է քաղաքացիական ավիացիայի միջազգային չափանիշները և գործում է 1947 թվականից: ԽՍՀՄ-ը կազմակերպությանը միացել է 1970 թվականին:

Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո ԵՄ երկրները, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը և Ճապոնիան փակել են իրենց օդային տարածքը ռուսական ավիաընկերությունների համար։ Ռուսաստանի իշխանություններն էլ հայելային միջոցներ սահմանեցին «ոչ բարեկամ» երկրների փոխադրողների համար։

Loading...