10:38   04-11-2022
Image Description
Վաղաշենում ընթանում են խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցման աշխատանքները
Թողնել մեկնաբանություն

ՀՀ Կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վաղաշեն գյուղում արդեն շուրջ 20 օր է, ինչ սկսվել եւ ընթանում են խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցման աշխատանքները։Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, ծրագրի իրականացման պայմանագրային արժեքը կազմում է 43 միլիոն 629 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ Կառավարությունը, 30 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։   

Ծրագրով նախատեսվում է գյուղի տարբեր թաղամասերի 26 հատվածներում  խմելու ջրատարի ներքին ցանցի  կառուցում՝ 6 կիլոմետր ընդհանուր երկարությամբ։Ծրագրի իրականացման արդյունքում շուրջօրյա ջրամատակարարմամբ կապահովվեն Վաղաշեն գյուղի շուրջ 800 տնտեսություն։

«2022 թվականի նոյեմբերի 3-ի դրությամբ արդեն խմելու ջրատարի ներքին ցանցը կառուցված է երեք հատվածներում՝ շուրջ 1 կիլոմետր երկարությամբ։ Շինարարական աշխատանքները շարունակվում են եւ ավարտին կհասցվեն մինչեւ տարեվերջ։ Վաղաշենի համար կենսական կարեւոր նշանակության ծրագիր է իրականացվում, քանի որ խմելու ջրատարի ներքին ցանցը 26 թաղամասերում գրեթե կորցրել է շահագործման պիտանիությունը։ Նախորդ դարի 60-70- ական թվականներին մետաղական խողովակներով կառուցված ջրատար ցանցը քայքայված է, մատակարարվող ջրի կորուստները հասնում են մոտ 60 տոկոսի։ Ծրագրի ավարտից եւ ջրատար  նոր ցանցի շահագործումից հետո շուրջօրյա ջրամատակարարմամբ կապահովվի 800 տնտեսություն»,-ներկայացրեց Վաղաշեն համայնքի վարչական ղեկավար Արմեն Շահինյանը։

Loading...