11:19   25-11-2022
Image Description
Նիդեռլանդների ԱԳ նախարարը նամակ է հղել երկրի խորհրդարան՝ կապված Ադրբեջանի ռազմական հանցագործությունների հետ
Թողնել մեկնաբանություն

Նիդեռլանդների արտգործնախարար Վոպկե Հուքստրան նամակ է հղել երկրի խորհրդարան՝ կապված Ադրբեջանի կողմից ենթադրյալ ռազմական հանցագործությունների հետ։

Նամակում նախարարը հիշեցրել է, որ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հոկտեմբերի 2-ի իր թվիթում վրդովմունք է հայտնել տեսանյութի առնչությամբ, որտեղ ադրբեջանցի զինվորները գնդակահարում են հայ ռազմագերիներին։ Իր թվիթում նա կոչ է արել անկախ հետաքննություն անցկացնել եւ եթե հաստատվի տեսանյութի իսկությունը, պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ ԵՄ արտաքին քաղաքական ծառայության մամուլի քարտուղար Փիթեր Ստանոն հոկտեմբերի 3-ին կայացած մամուլի ասուլիսում Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել տեսանյութում ներկայացված պատերազմի օրենքների ենթադրյալ խախտման անկախ հետաքննություն անցկացնել։Ադրբեջանի գլխավոր դատախազությունը նույն օրը հայտարարել է հետաքննություն անցկացնելու մասին։ Նիդեռլանդները հոկտեմբերի 5-ին տեսանյութը քննարկել է Ադրբեջանի դեսպանի հետ՝ զզվանք հայտնելով տեսանյութում ցուցադրվածի նկատմամբ եւ կոչ է արել Ադրբեջանին անաչառ եւ անկախ հետաքննություն սկսել»,- ասվում է նամակում։ Զրույցի ընթացքում ընդգծվել է, որ Նիդեռլանդները միջազգային գործընկերների հետ միասին ուշադիր կհետեւեն հետաքննության ընթացքին։ «Այս հետաքննության արդյունքները պետք է հրապարակվեն, եւ ենթադրյալ մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն իրավասու մարմինների կողմից։ Ադրբեջանի դեսպանը հաստատել է, որ ադրբեջանական իշխանությունները տեսանյութի իրադարձությունների հետաքննություն են սկսել եւ նշել է, որ այն ինքնուրույն կանցկացվի։

Բաքվում Նիդեռլանդների դեսպանն այս ուղերձը բազմիցս է փոխանցել Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաներին։

Բացի այդ, Նիդեռլանդները բազմիցս ընդգծել է այս տեսանյութի եւ դրա անկախ հետաքննության կարեւորությունը եվրոպական համատեքստում, այդ թվում՝ Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի աշխատանքային խմբի (COEST), Եվրոպական արտաքին կապերի ծառայության (EEAS), ինչպես նաեւ Հարավային Կովկասում հատուկ ներկայացուցչի թիմի հետ քննարկումների ժամանակ։

Նիդեռլանդները կշարունակի ճնշում գործադրել անկախ հետաքննության եւ դրա արդյունքների հրապարակման համար եւ ուշադիր հետեւելու է իրադարձությունների զարգացմանը։ ԵՄ բոլոր երկրներն աջակցում են ԵՄ միջնորդության գործընթացին։ Հարավային Կովկասում հատուկ ներկայացուցիչը եւ ԵՄ ներկայացուցիչը խոսել են տեսանյութի մասին եւ կոչ արել Ադրբեջանին անկախ հետաքննություն անցկացնել։ Նիդեռլանդները չգիտի, թե արդյոք որեւէ այլ երկիր հրավիրե՞լ է Ադրբեջանի դեսպանին այս հարցը քննարկելու համար»,- ասվում է նամակում։

Նշվում է, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է տեսանյութի իսկությունը, իսկ հոկտեմբերի 20-ին Bellingcat-ը հրապարակել է տեսանյութի իսկության վերաբերյալ իր հետաքննությունը։ «Ըստ այս վերլուծության՝ կա բավարար վստահություն իսկության նկատմամբ։ Human Rights Watch-ը ուսումնասիրել է տեսանյութը եւ Ադրբեջանի իշխանություններին անկախ հետաքննության ու պատասխանատվության կոչ է արել»,- նշվում է նամակում։

Loading...