18:32   25-11-2022
Image Description
Կա տեսանելի առաջընթաց իրականացվող ծրագրերում. Վաչե Տերտերյանը՝ Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
Թողնել մեկնաբանություն

Նոյեմբերի 23-ին ՀՀ տարածքային կառավարման եվ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը, որի կազմում էին ԶՖԳ գյուղատնտեսության և ոռոգման գծով աշխատանքային խմբի ղեկավար Թանգույ Վինսենթը, ԶՖԳ տարածաշրջանային գրասենյակի տնօրենի տեղակալ Բերանժեր Կալամանը և Հայաստանում ծրագրի ղեկավար Փոլ Քոբլան-Հյուբերսոնը։ 

Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին և ընդգծել երկկողմ հարաբերությունների կարևորությունը՝ հատկապես Ջրային կոմիտեի, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի(ՀՏԶՀ) և ԶՖԳ-ի համագործակցության շրջանակներում՝ շեշտելով․ 

«Ի հակառակ առկա խնդիրներին՝ Covid-19, տնտեսական ճգնաժամ, եվրոյի փոխարժեքի անկում և այլն, մենք կարող ենք արձանագրել տեսանելի և առարկայական առաջընթաց իրականացվող ծրագրերում»։ 

Բերանժեր Կալամանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ առաքելությունը այժմ ունի տեխնիկական-վերահսկողական բնույթ, և ներկայացրել Վեդիի ջրամբարի և IADAAM ծրագրերի շրջանակներում կայացած հանդիպումների և դաշտային այցելությունների արդյունքները։ 

Հանդիպմանը մասնակցել են նաև Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Մարտիրոս Նալբանդյանը և ՀՏԶՀ-ի Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման մասնաճյուղի տնօրեն Աշոտ Խաչատրյանը։ Մ. Նալբանդյանը, անդադառնալով Վեդիի ջրամբարի ծրագրի մաս կազմող ներտնտեսային ոռոգման համակարգի բաղադրիչին, ներկայացրել է այդ ուղղությամբ ընթացիկ շաբաթվա քննարկումների արդյունքները, առաջ եկած խնդիրները և դրանց հնարավոր լուծումների տեսլականները՝ նշելով, որ գործընկերների հետ համատեղ հնարավոր բոլոր միջոցները գործի են դնում ծրագիրը հաջողությամբ ավարտին հասցնելու համար։ 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Վեդիի ջրամբարի և IADAAM ծրագրերի արդյունավետ իրականացման հարցերը: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել կողմերից յուրաքանչյուրի պատասխանատվության շրջանակներին և ճկուն գործիքակազմերի կիրառությանը՝ նպատակ ունենալով ապահովել ջրի առավելագույն հասանելիություն ոռոգելի հողերին՝ ոռոգման ժամանակակից համակարգերի և տեխնոլոգիաների կիրառությամբ: 

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել երկուստեք համագործակցությունը։

Loading...