14:20   26-11-2022
Image Description
ԵԱՀԿ ԽՎ-ն պետք է շատ ամուր լինի ուժի սպառնալիքից կամ դրա կիրառումից զերծ մնալու սկզբունքի պաշտպանության հարցում. Սարգիս Խանդանյան
Թողնել մեկնաբանություն

ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սարգիս Խանդանյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, ասել է.

«Պարո՛ն նախագահ,

2022 թ. սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի սանձազերծած չարդարացված և չհրահրված ռազմական ագրեսիան հանգեցրել է Հայաստանի արևելյան սահմանի մերձակայքում բնակվող խաղաղ բնակչության համար լուրջ մարդասիրական հետևանքների՝ 36 քաղաքների և գյուղերի գնդակոծում, 7600 քաղաքացիական անձանց, այդ թվում՝ 1500 երեխայի տեղահանում, հարյուրավոր բնակելի տների, հյուրանոցների, դպրոցների, բժշկական հաստատությունների, լրատվամիջոցների աշխատակիցների թիրախավորում և 211 հայի, այդ թվում՝ քաղաքացիական անձանց սպանություն:

Այս ագրեսիայից մի քանի օր անց ադրբեջանական սոցիալական ցանցերում հայտնվեցին սարսափելի տեսանյութեր, որոնք ցուցադրում էին անզեն հայ զինվորների արտադատական մահապատիժները: Զոհված հայ կին զինծառայողների մարմինները խոշտանգվել են, ապա դաժանաբար տեսանկարահանվել ադրբեջանցի զինծառայողների կողմից:

Մի քանի շաբաթ առաջ՝ Լեռնային Ղարաբաղի պատերազմից երկու տարի անց, Ադրբեջանի նախագահը հանդես եկավ ատելությամբ բորբոքված ելույթով, որում փառաբանում էր այդ հանցագործությունները և արդարացնում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի օկուպացիան: Այդ ելույթում Ալիևը պարծենում է, որ Ադրբեջանի զինված ուժերը տեղակայված են առանցքային ռազմավարական բարձունքներում՝ թվարկելով Հայաստանում իր հնարավոր նոր թիրախների աշխարհագրական տեղանքների անունները: «Հայաստանը պետք է լավ հասկանա, թե դա ինչ է նշանակում... Այս ամենը պետք է դաս լինի Հայաստանի համար»,- ասաց նա:

Այդ վայրերը Հայաստանի քաղաքներն ու գյուղերն են, որտեղ հազարավոր խաղաղ բնակիչներ են ապրում, և Ադրբեջանի նախագահն ուղղակիորեն սպառնում է այդ մարդկանց: Իր ելույթում նա նաև ուղերձ ուներ միջազգային հանրության համար՝ ասելով. «Եթե մենք ինչ-որ մեկից վախենայինք, մենք երբեք չէինք սկսի ղարաբաղյան երկրորդ պատերազմը»»:

«Հարգելի՛ գործընկերներ,

ԵԱՀԿ-ի հիմնադիր փաստաթղթում ընդունված առաջնորդող սկզբունքներից մեկն ուժի սպառնալիքից կամ դրա կիրառումից զերծ մնալն է: Հելսինկյան եզրափակիչ ակտը հստակ սահմանում է, որ մասնակից պետությունները պետք է զերծ մնան ցանկացած գործողությունից, որը ենթադրում է ուժի սպառնալիք կամ ուժի ուղղակի կամ անուղղակի կիրառում մասնակից այլ պետության դեմ: Այս վեհաժողովը պետք է շատ ամուր լինի այդ սկզբունքի պաշտպանության հարցում և պետք է հստակ դատապարտի այդ սկզբունքի խախտումները»,- եզրափակել է Սարգիս Խանդանյանը:

Loading...