11:47   28-11-2022
Image Description
Վերին Գետաշենի թաղամասերում կառուցվում է ոռոգման ջրատարի ներքին ցանց
Թողնել մեկնաբանություն

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վերին Գետաշեն գյուղում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում  իրականացվում են ներհամայնքային ոռոգման առուների կապիտալ կառուցման աշխատանքներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Վերին Գետաշեն գյուղի վարչական ղեկավար Տիգրան Մուրադյանը, Վերին Գետաշենի ներհամայնքային ոռոգման առուների կապիտալ կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 75 միլիոն 600 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Ոռոգման առուները կառուցվում են երկաթյա խողովակներով կամ կիսախողովակներով, 2150 գծամետր երկարությամբ, 10 թաղամասերում։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2022 թվականի հոկտեմբերի վերջերին եւ ավարտին կհասցվեն այս տարվա ընթացքում։ «2022 թվականի նոյեմբերի 22-ի դրությամբ շինարարական աշխատանքներն իրականացվել են շուրջ 90 տոկոսով։ Հաջորդ տարվա ոռոգման շրջանում ջուրը շուրջ 150 տնտեսությունների կմատակարարվի անկորուստ եւ ժամանակին, մյուս կողմից էլ Վերին Գետաշենի 10 տարբեր թաղամասերում ճանապարհները պաշտպանված կլինեն հեղեղումներից եւ քանդվելու վտանգից»,-նշեց Տիգրան Մուրադյանը։

Loading...