15:14   28-11-2022
Image Description
Սիրիական զորքերը պետք է տեղակայվեն Թուրքիայի հետ սահմանային գոտու երկայնքով 30 կիլոմետր. գեներալ-գնդապետ Չայկա
Թողնել մեկնաբանություն

Սիրիայում ռուսական զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Չայկան հանդիպել է քրդական աշխարհազորային «Սիրիայի ժողովրդավարական ուժերի» ղեկավարի հետ։ Այս մասին հայտնում է Al Mayadeen հեռուստաալիքը։

Ըստ լրատվականի՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Սիրիայի հյուսիս-արևելքում քրդական կազմավորումների դեմ ցամաքային գործողություն սկսելու Թուրքիայի ծրագրերը, ինչպես նաև այդ գործողությունը կանխելու միջոցները։

Նշվում է, որ ռուս գեներալը կրկին առաջարկել է սիրիական բանակի ուժերը տեղակայել սահմանային գոտու երկայնքով՝ 30 կիլոմետր դեպի ներս։

Al Watan պարբերականը հայտնում է, որ Սիրիայի զինված ուժերի հրամանատարությունը Թուրքիայի հետ սահմանին գտնվող Այն ալ Արաբ քաղաք է տեղակայել լրացուցիչ ուժեր և զրահատեխնիկա՝ թուրքական զորքերը հետ մղելու համար։

Թուրքական Anadolu գործակալությունն էլ տեղեկացնում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, թե չի բացառում մոտ ապագայում Սիրիայի հետ հարաբերությունների կարգավորումը։

Նոյեմբերի 20-ին և 21-ին Թուրքիան ավիահարվածներ հասցրեց Սիրիայի և Իրաքի տարածքներին «Ճանկ-սուր» գործողության շրջանակում։ Հարվածներն իրականացվել են Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչներով և անօդաչու թռչող սարքերով՝ Սիրիայի չորս և Իրաքի մեկ շրջանում։ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի խոսքով՝ ռազմական գործողությունների արդյունքում ոչնչացվել է 326 ահաբեկիչ։

Անկարան գործողությունների նպատակը համարել է Ստամբուլում վերջերս տեղի ունեցած ահաբեկչությանը մասնակից քուրդ զինյալների բազաների ոչնչացումը։

Loading...