10:10   30-11-2022
Image Description
Գլխավոր դատախազի տեղակալը ԵԽ գործընկերների հետ քննարկել է համագործակցության զարգացման հեռանկարները
Թողնել մեկնաբանություն

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանը նոյեմբերի 29-ին ընդունել է ԵԽ իրավական բարեփոխումների և մարդու իրավունքների հարցերով համագործակցության ծրագրերի բաժնի փոխտնօրեն Լիլիթ Դանեղյանին, ծրագրի ղեկավար Գայանե Հովհաննիսյանին և ծրագրի ազգային համակարգող Թամարա Բարբակաձեին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Դատախազությունից, հանդիպման ընթացքում Անահիտ Մանասյանը բարձր է գնահատել մարդու իրավունքների և իրավունքի գերակայության երաշխավորման, ինչպես նաև ժողովրդավարության ամրապնդման գործում Եվրոպայի խորհրդի գործունեությունը։ Գլխավոր դատախազի տեղակալը ներկայացրել է Դատախազությունում իրականացվող բարեփոխումները՝ միտված հանրային վստահության ամրապնդմանը։

Հանդիպմանը կարևորվել են համատեղ միջոցառումները՝ ուղղված դատախազների մասնագիտական պատրաստման և վերապատրաստման ծրագրերի իրականացմանը։ Հատուկ կարևորվել է մարզերում դատախազների համար դասընթացների կազմակերպման անհրաժեշտությունը:

Գլխավոր դատախազի տեղակալն ընդգծել է նաև Դատախազության «Օրինականություն» ամսագիրը միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանեցնելու անհրաժեշտությունը և  այդ հարցում շեշտել միջազգային գործընկերների հետ համագործակցության կարևորությունը:

ԵԽ ներկայացուցիչ Լիլիթ Դանեղյանը Դատախազության հետ գործակցությունը խորացնելու պատրաստակամություն է հայտնել:

Գլխավոր դատախազի տեղակալը և Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչները նախանշել են հետագա համագործակցության ուղղությունները և փոխգործակցությունը զարգացնելու պայմանավորվածություն են ձեռք բերել:

Loading...