14:44   30-11-2022
Image Description
Արցախում հանցագործությունների դինամիկան զգալիորեն նվազել է. Ոստիկանապետ
Թողնել մեկնաբանություն

Արցախում  ընթացիկ տարում արձանագրված հանցագործությունների դինամիկան 2021 թվականի  համեմատ զգալիորեն նվազել է:

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ Արտյոմ Հարությունյանը, ով   Ոստիկանության համակարգում  ծառայողի մասնագիտական   օրվա  առթիվ  անդրադարձել է Ոստիկանության կատարած աշխատանքին, խնդիրներին ու անելիքներին:

«Ընդ որում, ըստ բնույթի և հանրության համար վտանգավորության աստիճանի` նվազել է ծանր ու առանձնապես ծանր հանցագործությունների նկարագիրը, ինչն, ըստ էությանԱրցախի իրավապահ կառույցներիայդ թվում՝ Ոստիկանության կողմից տարվող ամենօրյա աշխատանքի արդյունք է»,-մանրամասնեց Արցախի ոստիկանապետը:

Ըստ Արտյոմ Հարությունյանի՝ աճ է գրանցվել համակարգչային տեխնիկայի միջամտությամբ կատարված խարդախության, խաբեությամբ գույքի հափշտակության դեպքերով, ինչպես նաև հասարակական կարգի և բնակչության դեմ ուղղված  հանցատեսակների առումով, մասնավորապես, գերակշիռ թիվ են կազմում դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու դեպքերը:

Նրա խոսքով՝  հետպատերազմյան առաջին տարին՝  2021 թվականը, Ոստիկանության բոլոր ստորաբաժանումների համար գերծանրաբեռնված  էր, սակայն ձեռնարկված օպերատիվ միջոցների  և բարձր պատասխանատվության շնորհիվ Արցախի ոստիկանները կարողացել են հաղթահարել փորձությունը:

«Ընթացիկ տարում էլ, չնայած սահմանային հաճախակի լարվածություններին, պարբերաբար տեղի ունեցող սրացումներին, Ոստիկանությունն ապահովել է բնակչության անվտանգությունը»,-ընդգծեց Հարությունյանը:

Անդրադառնալով հանցագործությունների կանխարգելման և դրանց  ցուցանիշները նվազեցնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքներին՝ ոստիկանապետը կարևորեց  օպերատիվ ստորաբաժանումների ծառայողների, ինչպես նաև տարածքային ստորաբաժանումների  դերը, որոնք  հանցագործությունները կանխելու կամ բացահայտելու համար վերջիններս 24-ժամյա ծառայություն են իրականացնում:

Նրա տեղեկատվությամբ՝ հանցագործությունների մի մասն էլ՝  հիմնականում համակարգչային տեխնիկայի կիրառմամբ, բացահայտվել է Հայաստանի Հանրապետության գործընկերների հետ  համագործակցության արդյունքում: Մեծ ծավալի աշխատանք են իրականացնում Ոստիկանության արտաքին ծառայություն իրականացնող ստորաբաժանումները:

Ինչ վերաբերում է զենքի գործադրմամբ հանցագործությունների վիճակագրությանը, Արցախի ոստիկանապետի հավաստմամբ,  բնակչության հետ տարվող մշտական բացատրական աշխատանքները որոշակի արդյունք են տալիս:

 «Շատ դեպքում մեր հայրենակիցներն ըմբռնումով են մոտենում Ոստիկանության ծառայողի օրինական պահանջին և ինքնակամ հանձնում են ապօրինի պահվող ռազմամթերքը: Դրանով մենք փորձում ենք նվազեցնել և կամ բացառել զենքի կիրառմամբ կատարվող հանցագործությունները: Սա երկարատև գործընթաց է, որը ենթադրում է հետևողական աշխատանք»,-հավելեց Արտյոմ Հարությունյանը:

Ոստիկանապետի խոսքով՝ հանցագործությունների ցուցանիշների վրա ազդեցություն է ունեցել նաև այն հանգամանքը, որ Ճանապարհային ոստիկանության բնագավառում օրենսդրական փոփոխություններով մի շարք խախտումներ քրեորեն պատժելի են դարձել:  

Պատահարների վիճակագրությունը, իհարկե,  լուրջ մտահոգության տեղիք է տալիս: Չնայած մայրաքաղաքում և միջշրջանային բոլոր ճանապարհահատվածներում ճանապարհապարեկային ծառայությունն իրականացվում է բարձր մակարդակով, միևնույնն է, դեպքերն անխուսափելի են: Անսթափ վիճակում մեքենա վարելուց մինչև սահմանված արագության գերազանցում. սա է հիմնական վթարների և դրանց հետևանքով ուղեկցվող դժբախտ դեպքերի պատճառը: «Որքան էլ մենք լուծումներ առաջարկենք, զրկենք վարորդական վկայականից, մեքենա վարելու իրավունքից, միևնույն է մեծ պատասխանատվությունը երթևեկության մասնակցինն է»,-եզրափակեց Արցախի ոստիկանապետը՝ հավելելով, որ հանցավորության դեմ ամենօրյա պայքարում, հասարակական կարգի  ապահովման գործում Արցախի ոստիկանը եղել և կանգնած է  առաջնագծում:

Ըստ Արտյոմ Հարությունյանի՝ հետպատերազմյան ժամանակահատվածում  Արցախում ոստիկանության կայացած օղակներից է դարձել  սահմանամերձ պարեկային ծառայությունը բնակավայրերում:

Loading...