15:35   30-11-2022
Image Description
«Հայաստան» խմբակցության քաղաքական նպատակադրումները չեն փոխվել․ Արծվիկ Մինասյան
Թողնել մեկնաբանություն

«Հայաստան» խմբակցության քաղաքական նպատակադրումները և գործող իշխանության նկատմամբ գնահատականները չեն փոխվել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

«Ոչ մեր քաղաքական նպատակադրումներում է փոփոխություն կատարվել, ոչ էլ տրված գնահատականներում։  Ոչ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունն է իր գնահատականը այս իշխանությունների նկատմամբ փոխել, ոչ էլ Հայ Հեղափոխական Դաշնակցությունը, ոչ էլ առհասարակ «Հայաստան» խմբակցությունը։

Տակտիկական, մարտավարական խնդիրը չի կարող համարվել գաղափարական նպատակներից շեղում։ Ամենևին ոչ։ Մեր պայքարի ռազմավարությունը պետք է լինի աշխատանքը ժողովրդի և ազգային ինստիտուտների հետ։ Այն ինստիտուտների, որոնք մեր ազգի և պետականության ողնաշարն են. կարևոր է նրանց ակտիվ ներգրավումը Հայաստանին սպառնացող մարտահրավերների հաղթահարման գործում»,-նշեց Մինասյանը։

«Հայաստան» խմբակցության քարտուղարը ընդունում է, որ իրենց չի հաջողվել հիմնական նպատակադրումները իրականացնել, բայց միջանկյալ արդյունքներ գրանցել են:  

«Հայաստան» դաշինքի կազմում 2021 թվականի արտահերթ խորհրդարական ընտրությունների արդյունքներով խորհրդարան անցած «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը նոյեմբերի 29-ին հայտարարեց Ազգային ժողովում գործունեությունը դադարեցնելու մասին: Կուսակցության անդամ երեք պատգամավոր մանդատից հրաժարվելու դիմումներ են ներկայացրել ԱԺ նախագահին: 

Loading...