10:48   03-12-2022
Image Description
Իսպանացի պատգամավորը Ջերմուկում ծանոթացել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին
Թողնել մեկնաբանություն

Իսպանիայի խորհրդարանում մենք ներգրավված են հայկական հարցերի բարձրաձայնմանը վերաբերող գործընթացներում: Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսը միաձայն ընդունել է հայտարարություն, որը դատապարտում է ադրբեջանական ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժումը և կոչ է անում վերադառնալ նախկին դիրքեր: Այս մասին ասել է երկօրյա այցով Հայաստան ժամանած Իսպանիայի պատգամավոր Ջոն Ինարիտուն դեկտեմբերի 2-ին Ջերմուկ այցի ժամանակ, հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը: Պատգամավորին ուղեկցել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Հայաստան-Իսպանիա բարեկամական խմբի ղեկավար Տաթեւիկ Գասպարյանը:

Խորհրդարանականներն այցելել են ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով տուժած Ջերմուկի առողջարան, Կեչուտի գերեզմանատուն եւ ճոպանուղի:

Իսպանացի պատգամավորը նշել է, որ իր երկիր վերադառնալուն պես գործընկերներին կներկայացնի Ադրբեջանի կողմից տարբեր տրամաչափի զենքերի կիրառման հետևանքով առողջարանային քաղաքի կրած վնասները եւ այն ամենը, ինչ տեսել է սեփական աչքերով:

Հյուրերին դիմավորել եւ սեպտեմբերյան ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետեւանքով մարզում ստեղծված իրավիճակն ու խնդիրները ներկայացրել է Ջերմուկի փոխքաղաքապետ Վարդան Սարգսյանը: Ըստ նրա` ներկա պահին իրավիճակը քաղաքում հանգիստ է, սակայն սպառնալիքները մշտապես առկա են:

Տաթեւիկ Գասպարյանն ընդգծել է նման այցերի կարևորությունը` նշելով, որ դրանք միջազգային հանրությանը ևս մեկ անգամ իրականությունը ներկայացնելու հնարավորություն են ընձեռում:

Loading...