10:54   03-12-2022
Image Description
ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները Տավուշի մարզում քննարկել են փոքր ֆերմերային տնտեսություններին աջակցման ծրագրերը
Թողնել մեկնաբանություն

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության /ՊԳԿ/ հայաստանյան գրասենյակի ներկայացուցչի տեղակալ Գայանե Նասոյանին և կազմակերպության ավագ տնտեսագետ Վարդան Բարսեղյանին։ Հանդիպմանը ներկա էր մարզպետարանի գլխավոր քարտուղար Արման Գևորգյանը։ Տեղեկացնում են Տավուշի մարզպետարանից։

Ողջունելով հյուրերին՝ մարզպետը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությանը Տավուշի մարզին ցուցաբերած աջակցության համար, կարևորել աջակցության դերը սահմանամերձ բնակավայրերի տնտեսվարողների սոցիալական վիճակի բարելավման հարցում։

Աջակցությունը ցուցաբերվել է «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման /LEAD/ Լոռու և Տավուշի մարզերում» ծրագրի շրջանակներում, իրականացվել Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի /ՄԱԶԾ/ հետ համատեղ։

Ծրագրի շրջանակներում փոքր գյուղատնտեսական տեխնիկա է տրամադրվել մարզի Իջևան և Բերդ համայնքների 25 բնակավայրերի տնտեսվարողների։

Ցուցաբերված աջակցությունը համապատասխանեցվել է տնտեսվարողների կարիքներին։ Սարքավորումները կկառավարվեն համապատասխան համայնքապետարանների կողմից և կօգտագործվեն տեղական նախաձեռնող խմբերի կողմից գյուղատնտեսական ծառայություններ մատուցելու նպատակով։

Քանի որ աջակցությունը միտված է փոքր ֆերմերների դիմակայության բարձրացմանը, հանդիպմանը կարևորվել և քննարկվել է այդ ուղղությամբ հետագա քայլեր ձեռնարկելու հարցը։

Loading...