14:22   30-01-2023
Image Description
Մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը կարևոր իրադարձություն է Հայաստանի համար. Կարեն Գիլոյան
Թողնել մեկնաբանություն

Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախաձեռնությամբ և ՀՀ Կառավարության աջակցությամբ մարմնամարզության Եվրոպայի կանանց և տղամարդկանց 2027 թվականի առաջնությունը կանցկացվի Երևանում:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի գնահատմամբ՝ սա շատ կարևոր իրադարձություն է, որն իրականություն դարձնելու համար ՀՀ կառավարությունն ու Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան արել են հնարավորը. «Այս նվաճումը մի քանի ամսվա աշխատանքի արդյունք է: Մարմնամարզությունն այժմ մեծ տեմպերով է առաջ գնում և ամենաուժեղ մարզաձևերից մեկն է»:

Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի խոսքով՝ Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան Եվրոպայի առաջնությունը հյուրընկալելու հայտը ներկայացրել է շուրջ 4 ամիս առաջ.

«Մարմնամարզությունն «Ա» դասի մարզաձև է, որով ամբողջ աշխարհում զբաղվում է շուրջ 30 միլիոն մարզիկ: Այսպիսի մարզաձևից Եվրոպայի առաջնություն ընդունելն իսկապես շատ մեծ նվաճում և հաջողություն է մեզ համար: Մշտապես զգացել ենք Հայաստանի Կառավարության աջակցությունը, և առանց այդ աջակցության՝ ոչինչ չէր ստացվի»,- ասում է Հակոբ Սերոբյանը:

Գլխավոր մարզչի խոսքով՝ Երևանում անցկացվելիք Եվրոպայի առաջնության շնորհիվ կլուծվի նաև մարզագույքի հարցը. «Սա իսկապես մեծ հնարավորություններ կտա մեր երիտասարդներին: Սրանով նաև լուծում են ստանում ենթակառուցվածքների, դահլիճի, գործիքների և մի շարք այլ հարցեր: Սա նշանակում է, որ 15-20 տարի մեր երիտասարդները որևէ բանի կարիք չեն ունենա: Կունենանք միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան դահլիճ, գործիքներ և շատ լավ պայմաններ: Այն ամենը, ինչի մասին մենք երազում էինք»:

Մասնագետի խոսքով՝ Հայաստանում մարզաձևի մասսայականացման և տարածման տեսանկյունից ևս Եվրոպայի առաջնության հյուրընկալումը կարևոր քայլ է:

Նշենք՝ 2023 թ. բավականին հագեցած է լինելու մարմնամարզիկների համար: Փետրվարի 7-ից Հայաստանի մարմնամարզության երիտասարդների և մեծահասակների հավաքականներն ընդլայնված կազմով ուսումնամարզական հավաքի են մեկնելու Թբիլիսի, այնուհետև Գերմանիայում և Կատարում մասնակցելու են աշխարհի գավաթի փուլերին:

Մարտ-ապրիլ ամիսներին մարմնամարզիկները Թուրքիայի Անթալիա քաղաքում կմասնակցեն երիտասարդների աշխարհի առաջնությանը, մեկ շաբաթ անց էլ՝ Եվրոպայի առաջնությանը: Գլխավոր մարզչի խոսքով՝ իրենք շատ պարտավորված են և ամեն ինչ անելու են պատվով հանդես գալու համար: Այդուհանդերձ, տարվա կարևորագույն ստուգատեսը սեպտեմբերի վերջին մեկնարկող աշխարհի առաջնությունն է, որտեղ խաղարկվելու են Փարիզի՝ 2024 թվականի օլիմպիական խաղերի ուղեգրեր:

Loading...