18:40   31-01-2023
Image Description
Գեղարքունիքի մարզում մեկնարկել է «Հայաստանի սահմանամերձ համայնքների դիմակայության ամրապնդում եւ տնտեսական վերականգնում» ծրագիրը
Թողնել մեկնաբանություն

 Գեղարքունիքի մարզում մեկնարկել է  ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի «Հայաստանի սահմանամերձ համայնքների դիմակայության ամրապնդում եւ տնտեսական վերականգնում» ծրագիրը, որի հետ համագործակցությունն  ապահովելու նպատակով Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց ՄԱԿ-ի Պարենային համաշխարհային ծրագրի սոցիալական պաշտպանության ծրագրերի բաժնի ղեկավար Լիլիթ Չիթչյանին, «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության ծրագրի ղեկավար Մերի Սարգսյանին եւ «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ ծրագրի ղեկավար Վահե Հովհաննիսյանին։ «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ հանդիպմանը մասնակցում էր նաեւ Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը։

Հանդիպման սկզբում Լիլիթ Չիթչյանը Գեղարքունիքի մարզպետին ներկայացրեց  ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից իրականացվող «Հայաստանի սահմանամերձ համայնքների դիմակայության ամրապնդում եւ տնտեսական վերականգնում» ծրագրի բովանդակությունը եւ հիմնադրույթները։

Ծրագրի մեկնարկը տրվել է 2022 թվականի նոյեմբերին, Գեղարքունիքի, Սյունիքի եւ Վայոց Ձորի մարզերում։ Գեղարքունիքի մարզում այն իրականացվում է Վարդենիս համայնքի 12 բնակավայրերում, որոնք տուժել են 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից ձեռնարկած ռազմական ագրեսիայի արդյունքում։ Ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալության կողմից եւ իրականացվում  «Վորլդ Վիժն Հայաստան», «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպությունների եւ «Մանկական զարգացման հիմնադրամի» հետ համագործակցությամբ։

«Մեր ծրագիրը երկու հիմնական բաղադրիչ ունի։ Առաջին բաղադրիչով նախատեսվում է սոցիալական աջակցության տրամադրում 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայից տուժած ընտանիքներին, իսկ երկրորդ բաղադրիչով՝ վերականգնողական աշխատանքների իրականացում։ Ծրագրի առաջին բաղադրիչն այժմ իրականացնում ենք ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ՝ ագրեսիայից տուժած ընտանիքներին սննդի աջակցության քարտեր տրամադրելով։ Առաջիկայում աջակցության նման քարտեր մենք կտրամադրենք 350 ընտանիքի։ Այժմ ընթանում է կարիքավոր ընտանիքների հաշվառման փուլը։ Ծրագրի իրականացման համար չափազանց կարեւորում ենք համագործակցությունը Գեղարքունիքի մարզպետարանի եւ Վարդենիսի համայնքապետարանի հետ»,-նշեց Լիլիթ Չիթչյանը։

Ըստ   «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության ծրագրի ղեկավար Մերի Սարգսյանի՝ իրենց կողմից իրականացվող ծրագիրն ունի երեք հիմնական բաղադրիչ՝ սոցիալ-հոգեբանական աջակցություն, տեղական սոցիալական աջակցության պլանների մշակում, ապաստարանների կառուցում, հիմնանորոգում եւ կահավորում։

«Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության ծրագրի ղեկավար Վահե Հովհաննիսյանի ներկայացմամբ՝ Վարդենիս համայնքի բնակավայրերում իրենք կիրականացնեն գյուղացիական տնտեսություններում  եկամուտ ապահովող ծրագրեր, որոնք կներդրվեն շուրջ 60 անասնապահական ֆերմերային տնտեսություններում։

Ամփոփելով հանդիպումը՝ մարզպետ Կարեն  Սարգսյանը հավաստիացրեց, որ Գեղարքունիքի մարզպետարանը եւ Վարդենիսի համայնքապետարանը ոչ միայն ողջունում են ներկայացված ծրագրերը, այլ նաեւ պատրաստակամ են՝ բավարար աջակցություն ցուցաբերելու եւ համագործակցված աշխատանքներ տանելու։

«Մենք կտրամադրենք պահանջվող ցանկացած տեղեկատվություն, անհրաժեշտ աջակցություն։ Համագործակցությունը շատ կարեւոր է այնքանով, որքանով որ իրականացվող ծրագրերը ոչ թե տվյալ բնակավայրերում կրկնվող բնույթ ունենան, այլ՝ իրար փոխլրացնող։ Նաեւ շատ կարեւոր է աջակցության ծրագրերի առաջնահերթությունն  ուղղել այն  ընտանիքիների կարիքների բավարարմանը, ովքեր այս պահին բնակվում են իրենց բնակավայրերում։ Այս կերպ մենք կխրախուսենք մյուս ընտանիքների վերադարձը, ովքեր  սեպտեմբերյան ագրեսիայի հետեւանքով դեռեւս բնակվում են այլ բնակավայրերում»,-նշեց Կարեն Սարգսյանը։

Loading...