18:11   03-02-2023
Image Description
Անօրինական դեղեր ներկրողներն ավելի բարձր տուգանք կվճարեն. նախագիծ
Թողնել մեկնաբանություն

Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը Նարեկ Զեյնալյանի նախագահությամբ փետրվարի 3-ին գումարել է նիստ, որի ընթացքում երկրորդ ընթերցմամբ քննարկել և դրական եզրակացություն է տվել օրակարգում ընդգրկված երկու օրենսդրական նախաձեռնությունների:

Քննարկված առաջին նախաձեռնությամբ նախատեսվում է Տեսչական մարմնին տալ հսկիչ գնում կատարելու գործառույթ, որպեսզի վերջինս հնարավորություն ունենա հայտնաբերել դեղերի շուկայում վաճառվող ՀՀ անօրինական ներկրված և կեղծ դեղերը:

««Դեղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի հեղինակներն են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Նարեկ Զեյնալյանը և Լուսինե Բադալյանը:

Նախաձեռնությամբ առաջարկվում է նաև բարձրացնել տուգանքի չափերը: Անօրինական ներկրված դեղերի մինչև 5 փաթեթ հայտնաբերելու դեպքում տուգանք կսահմանվի նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով, 5-ից ավելիի դեպքում` 2000-ապատիկի, իսկ մեկ տարվա ընթացքում կրկին հայտնաբերելու պարագայում լիցենզիան կկասեցվի մինչև 2 ամիս ժամկետով:

Հեղինակներն ընդունել են Կառավարության ներկայացրած տեխնիկական բնույթի առաջարկները:

Պատասխանելով պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի հարցին՝ նախաձեռնության համահեղինակ Նարեկ Զեյնալյանը նշել է, որ մեր երկրում դեղը պետք է գրանցված լինի, որպեսզի տնտեսվարողն օրենքի շրջանակում հնարավորություն ունենա այն ներկրելու և վաճառելու: «ՀՀ-ում գրանցված է մոտավորապես 3500-3600 անուն դեղ»,- ընդգծել է պատգամավորը և կարծիք հայտնել, որ չգրանցված դեղ ներկրելու համար ավելի մեղմ սանկցիաներ կիրառելն ընդունելի չէ: Բնակչության համար դեղորայքն առավել հասանելի դարձնելու տեսանկյունից Արմենուհի Կյուրեղյանը կարևորել է գրանցված դեղերի ցանկի ընդլայնումը:

«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխությամբ էլ Կառավարությունն առաջարկում է մասնավորեցման ենթակա օբյեկտների ցանկից հանել 2020 թվականի հունիսից գործունեություն ծավալող «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այն տարածաշրջանում միակն է իզոտոպների արտադրության գործառույթով: Հարցը ներկայացրել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը: Նշվել է, որ առաջինից երկրորդ ընթերցում Կառավարությունը կատարել է տեխնիկական փոփոխություն:

Նիստում հանձնաժողովի որոշմամբ սահմանվել է ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովում քաղաքացիների ընդունելության կազմակերպման 2023 թվականի տարեկան ժամանակացույցը:

Loading...