16:50   08-02-2023
Image Description
Մալաթիա տոնավաճառը կվերսկսի աշխատանքը
Թողնել մեկնաբանություն

 ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինն ուսումնասիրում է Մալաթիա տոնավաճառում հրդեհային անվտանգության հարցերին առնչվող խախտումների վերացմանն ուղղված աշխատաքները: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ասաց ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը:

«Օրեր առաջ ընդունել եմ Մալաթիա տոնավաճառի տնօրինությանը և տոնավաճառում գործունեություն իրականացնող որոշ տնտեսավարողների: Հանդիպման ընթացքում ձեռք բերվեց պայմանավորվածություն, որ տոնավաճառի սեփականատերը, համապատասխան մասնագետների ներգրավմամբ, ինտենսիվ միջոցներ ձեռնարկի և վերացնի այն բոլոր խախտումները, որոնք ուղղակի սպառնալիք են ինչպես տոնավաճառի տարածքում գործունեություն իրականացնող տնտեսավարողների, այնպես էլ տոնավաճառից օգտվող մեր քաղաքացիների համար: Տոնավաճառի սեփականատերերի կողմից մեծածավալ աշխատանքներ են իրականացվել, հայտ է ներկայացվել կատարված աշխատանքները ամփոփելու և տոնավաճառի գործունեությունը վերսկսելու մասին որոշում կայացնելու համար: Տոնավաճառը կվերսկսի իր գործունեությունը, սակայն պայմանով, որ հստակ ժամկետներ են տրվելու տոնավաճառի տնօրինությանը, որ մյուս խախտումները, որոնք ուղիղ սպառնալիք չեն հանրության անվտանգության համար, այդ ժամկետներում վերացվեն»,-ասաց Գարեգին Խաչատրյանը:

Հարցին, թե արդյոք մինչ այժմ հանրությանը հրդեհային անվտանգության տեսանկյունից ուղիղ սպառնալիք ներկայացնող խախտումները վերացվել են, Գարեգին Խաչատրյանը նշեց, որ, ըստ մասնագետների եզրակացության, վերացվել են:

ՀՀ  քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարությամբ և «Ռաֆայել-Տաթև» ՍՊ ընկերության համապատասխան դիմումի հիման վրա Տեսչական մարմնի  մասնագետներն ուսումնասիրություն են իրականացրել ՀՀ, ք Երևան, Սվաճյան 12/7 հասցեում գործող «ՌԱՖԱՅԵԼ-ՏԱԹԵՎ» ՍՊ (Մալաթիա տոնավաճառ) ընկերությունում՝ պարզելու թե որքանով են շտկվել  Տեսչական մարմնի կողմից կայացրած  որոշման և սահմանված կարգադրագրի պահանջները։ Արդյունքում պարզվել է, որ ՏՄ կողմից նախկինում տրված կարգադրագրի կետերից վերացվել են արձանագրված այն խնդրահարույց խախտումները, որոնք Տեսչական մարմնի կողմից ներկայացվել էր անհապաղ և ամբողջական շտկման, իսկ կարգադրագրում նշված մյուս խախտումները վերացվել են մասամբ, և ներկայումս տնօրինության կողմից դրանց վերացման ուղղությամբ կատարվում են մեծածավալ  և ինտենսիվ աշխատանքներ։

Loading...