Ալիխանյան եղբայրների 6-ի 1 շենքի գործով` Կադաստրի կոմիտեի տարածքային ստորաբաժանման պաշտոնյայի և բնակչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել: Իրավապահները պարզել են ապօրինի գործարքի հանգամանքները: Խախտումները, որոնք պետությանը հասցրել են ավելի քան 100 միլիոն դրամի վնաս, կատարվել են 2000-ականներին:
Ծովակ Մնացականյան (Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ) - Նախաքննության ընթացքում մի շարք կարևոր հանգամանքներ են ի հայտ եկել:
Երևանի Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեում, որ հանրությանն առավել հայտնի է «Ֆիզգոռոդոկ» անունով, նախորդ տարվա ամռանը 12-հարկանի շենքի կառուցման աշխատանքներ էին սկսվել, որը բողոքի ակցիայի պատճառ էր դարձել։ Բնակիչները դեմ էին շենքի կառուցմանը` պնդելով՝ այն ապօրինի է, ու խաթարվելու է թաղամասի պատմական դիմագիծը:
Հենց բնակիչների դիմումների հիման վրա է նախաձեռնվել քրեական վարույթը: Պարզվել է, որ դեռ 2005 թվականին Երևանի բնակիչներից մեկն ընդդեմ քաղաքապետարանի և Կադաստրի կոմիտեի հայց է ներկայացրել դատարան, քանի որ անպատասխան է մնացել տվյալ հասցեում չափագրում իրականացնելու և այն իր անունով գրանցելու պահանջը:
Ծովակ Մնացականյան - Դատարանի համապատասխան վճռով պարտավորեցվում է Կադաստրի պետական կոմիտեին, որպեսզի կատարվեն նշված հողատարածքի նկատմամբ չափագրումներ, և այդ չափագրումներն ուղարկվեն Երևանի քաղաքապետարան` ինքնակամ կառույցների օրինականացման գործընթաց սկսելու կամ գործընթացի սկիզբը մերժելու հետ կապված որոշման կայացման համար:
Քաղաքապետարանից պատասխան չստանալուց հետո քաղաքացին եւս մեկ անգամ է դիմում դատարան, որը երկրորդ անգամ է բավարարում հայցը: Այս ակտի դեմ, սակայն, Կադաստրի կոմիտեն Վերաքննիչ բողոք է ներկայացնում, որն էլ բեկանում է առաջին ատյանի որոշումը:
Ծովակ Մնացականյան - Նման պայմաններում, երբ արդեն ունենք բեկանված վճիռ, և ըստ էության` անվավեր ճանաչված իրավունքի գրանցում Կադաստրի պետական կոմիտեի Դավթաշեն տարածքային ստորաբաժանման ղեկավարի կողմից, արդեն տվյալ ժամանակահատվածում գործող Հողային օրենսգրքով սահմանված կարգի համաձայն՝ կատարվում է այդ հողատարածքի նկատմամբ արդեն սեփականության իրավունքի գրանցում:
Իսկ Վերաքննիչ դիմելու համար, Ծովակ Մնացականյանի խոսքով, հիմք էր հանդիսացել այն հանգամանքը, որ «Ինքնակամ կառույցների օրինականացման մասին» օրենքով գրանցման ենթակա են միայն այն ինքնակամ կառույցները, որոնք ունեն 50 և ավելի տոկոս կառուցվածության աստիճան, Ալիխանյան փողոցի տվյալ հասցեի դեպքում այդ պայմանը առկա չի եղել:
Ծովակ Մնացականյան - Քաղաքացու իրավունքը առհասարակ գրանցման ենթակա չի եղել:
Հետագայում քաղաքացին այդ գույքը օտարել է այլ անձանց, որոնք էլ իրենց հերթին են այն օտարել: 2018թ-ից Ալիխանյան եղբայրներ 6/ 1 հասցեն պատկանում է «Ռատկո» ընկերութանը, որն ունի շինթույլտվություն:
Արթուր Մնացականյան («Ռատկո» ընկերության հիմնադիր-տնօրեն) - Գնելուց առաջ մենք ուսումնասիրել ենք, և կադաստրային գործի ուսումնասիրությունից նման փաստաթղթեր ի հայտ չեն եկել, դա բացակայում էր այնտեղ եւ, ի դեպ, ասեմ ձեզ, որ սեփականության գրանցման միակ հիմքը վճիռը չէ, կան նաև այլ հիմքեր, և դա հիմք է հանդիսանում, որպեսզի պնդեն, որ չի կարող անվավեր ճանաչվել այդ փաստաթուղթը: