11:32   28-05-2023
Image Description
Սյունիքի և Ռումինիայի Մարամուրեշի մարզերի միջև գործընկերության համաձայնագիր է կնքվել
Թողնել մեկնաբանություն

Սյունիքում էր Ռումինիայի Մարամուրեշի մարզի պատվիրակությունը՝ շրջանային խորհրդի փոխնախագահ Ռադու Դանիել Թրուֆանի գլխավորությամբ։ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի և Մարամուրեշի շրջանային խորհրդի նախագահ Իոնել-Օվիդիու Բոգդանի անունից բարեկամության և գործընկերության համաձայնագիր են կնքել մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանն ու Ռադու Դանիել Թրուֆանը։

Սյունիքի մարզային իշխանությունը խորհրդանշական վայր էր ընտրել համաձայնագրի կնքման համար՝ սահմանամերձ Տեղ համայնքը, որի նշանակության ու այսօրվա իրավիճակի մասին հյուրերին պատմել է Սյունիքի մարզպետի տեղակալը։

Մինչ համաձայնագրի կնքումը Մարամուրեշից ժամանած պաշտոնյաները Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանի, օգնական Սուրեն Քեսեջյանի և Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի հետ զրույց ու քննարկումներ են ունեցել երկու մարզերի տնտեսական հնարավորությունների, երկուստեք հետաքրքրություն ներկայացնող համագործակցային ուղղությունների, նաև տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակի մասին։

Ստորագրված համաձայնագրով մարզերը նախատեսում են համագործակցել տարածքային կառավարման, գյուղատնտեսության, մշակույթի, զբոսաշրջության, կրթության և այլ ոլորտներում։

Հյուրերը երկօրյա այցով էին Սյունիքում և մարզային ու Տեղի համայնքային իշխանությունների ուղեկցությամբ եղել են նաև մարզի պատմամշակութային մի քանի վայրերում՝ նշելով, որ երկու տարածքների միջև նաև նմանություններ կան․ իրենք ևս բնակվում են լեռնային մարզում, ժամանակին ունեցել են զարգացած հանքարդյունաբերություն, այժմ հարավում ունեն լավ գյուղատնտեսություն։ Նրանց ուղեկցել են նաև «Դավթյան Ֆարմս» ընկերություն։

Մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել պատվիրակությանը՝ Սյունիք այցելելու ու գործընկերության սկիզբ դնելու համար՝ նշելով, որ այս դժվարին ժամանակաշրջանում ձեռք բերված բարեկամությունը կարևոր նշանակություն ունի բնակիչների համար։

Loading...